ԱԺ-ում շարունակվում են թեժ քննարկումները ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման հարցի շուրջ: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, թե Հայաստանի համար բախտորոշ պահ է, մինչդեռ ելույթ ունեցողները ինչ-ինչ նկատառումներով սևը սպիտակ են ներկայացնում:
«Միակ հակափաստարկը, որ բերվում է, անվտանգությունն է, բայց դրա միակ բաղադրիչը ռազմականն է: Սին են այն բոլոր հայտարարությունները էներգետիկ անվտանգության մասին: Ի՞նչ էներգետիկ անվտանգություն, եթե քո էներգետիկայի հարյուր տոկոսը տվել ես, երբ այդ երկիրը սանկցիաների տակ ճկռում է, ի՞նչ բիզնես լավ մթնոլորտ, երբ գահավիժում է ռուբլին` հետը տանելով դրամը»,- ասաց նա և հավելեց, որ ԵՏՄ-ն դեռ չկայացած, արդեն մի քանի օր առաջ հնարավոր փլուզման նախանշաններ ցույց տվեց:
«Այսօր ազատության և ստորակայության ընտրություն ենք կատարում: Պատմության ընթացքում չենք տեսել, որ որևէ ժողովրդի տանեն նեղության՝ ազատությունից հրաժարվելու համար, սա աբսուրդ է: Ազատությունը պայմանագրերով և օրենքներով ձեռք չես բերում, ազատության ոգին մեր ժողովրդի սրտերում է, որը 1988-ին է ծնվել: Այսօր քվեարկելով այս պայմանագրի օգտին՝ մենք սպանում ենք մեր սրտերում ազատության ոգին: Ազատությունն իր սրտում չկրող ժողովուրդը չի կարող անկախ լինել»,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը և հավելեց, որ դեմ է քվեարկելու:
«Սա անընդունելի է մեր երկրի համար, սա հղի է շատ ծանր հետևանքներով, և կոչ եմ անում վերջին պահին կոճակը սեղմելիս, ընտրեք ազատությունը ձեր սրտերում»,- նշեց նա: