Այսօր ԱԺ-ում ԵՏՄ փաստաթղթի քննարկման ժամանակ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելությում սկսեց ռուսերեն լեզվով մեջբերումներ անել ռուս մտավորականների ելույթներից, որտեղ մասնավորապես ասվում էր, որ իրենք և բոլորը անպաշտպան են ռուսական իշխանությունների առաջ:
Սակայն ռուսերեն այս ելույթը դուր չեկավ դահլիճում նստած որոշ պատգամավորների, ովքեր Փոստանջյանին կոչ արեցին հայերեն խոսել:
Զարուհի Փոստանջյանն էլ հակադարձեց. «Դուք ռուսերեն չե՞ք հասկանում» ու շարունակեց. «Շուտով այս ամբիոնից դուք էլ եք շարունակելու խոսել ռուսերեն` լրացնելով մաքսային միության փաստաթղթերը ռուսերեն»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորեց հանգստանալ, Զարուհի Փոստանջյանին էլ զգուշացրեց, թե լեզվի մասին օրենք է խախտում, ուստի եթե ռուսերեն ելույթ էր ունենալու, գուցե մեկ օր առաջ զգուշացներ, որ թարգմանիչ հրավիրեին: