ԱՄՆ-ն անհանգստացած է Եվրոպայի տնտեսության թուլությունից. Օբամա
International news
ԱՄՆ-ն մտահոգված է Եվրոպայի, Ճապոնիայի և զարգացող երկրների տնտեսությունների ներկայիս թուլության կապակցությամբ և դրանում սեփական զարգացման սպառնալիք է տեսնում: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման խոստովանել է երկրի գործարար շրջանների ներկայացուցիչների հետ դեկտեմբերի 3-ին կայացած հանդիպմանը:
Նրա խոսքով՝ «հորիզոնում որոշակի անհանգստություն է նկատվում»: «Ճապոնիան թույլ է, Եվրոպան թույլ է»,- ասել է Օբաման և հավելել, թե դա, «բնականաբար, նշանակում է, որ Միացյալ Նահանգները նույնպես կարող է ներքաշվել այդ տնտեսական գլոբալ թուլության մեջ», որը դիտվում է ոչ միայն «Եվրոպայում և Ճապոնիայում, այլև զարգացող շուկաներում»: «Մենք հետևում ենք դրան և փորձում ենք աշխատել միջազգային մասշտաբով, նախևառաջ Եվրոպայի հետ, որպեսզի ավելի կայուն տնտեսական աճ ապահովենք»,-ընդգծել է Օբաման:
Նրա կողմից շարադրված տեղեկատվության համաձայն՝ անհանգստացնում է նախևառաջ այն, որ «շուկաների հարաբերական հանգստության», ֆինանսական սուր ճգնաժամի բացակայության պատճառով «մենք պատշաճ ուշադրություն չենք դարձնում եվրոպական տնտեսության ընդհանուր թուլությանը»:
«Երկարաժամկետ դեֆլյացիայի և Եվրոպայում իրոք թույլ պահանջարկի հետ կապված վտանգները, կարծում եմ, ավելի էական են, քան տնտեսության «գերտաքացման» և գնաճի սպառնալիքները»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:
Վերը թվարկված գործոնները, ըստ Օբամայի, բերում են այն բանին, որ համաշխարհային հանրակցությունը «շարունակում է տնտեսական առաջատարություն ակնկալել Ամերիկայից»:
Մինչդեռ «մեզ անհրաժեշտ են նաև այլ լոկոմոտիվներ, որոնք առաջ կտանեն գլոբալ տնտեսությունը»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը:
Մեկնաբանելով Չինաստանի տնտեսության վիճակը՝ նա հիշեցրել է, որ Պեկինը ձգտում է «ամբողջովին դեպի արտահանում կողմնորոշված մոդելից հեռանալ դեպի այն մոդելը, որն ընդունում է երկրի ներսում ավելի կայուն պահանջարկի առկայության անհրաժեշտությունը»:
Խոստովանելով տնտեսական զարգացման բնագավառում ՉԺՀ-ի տպավորիչ հաջողությունները՝ նախագահը միաժամանակ նշել է, որ դրանց առնվազն մի մասը բացատրվում է «ավտորիտար կառավարության» առկայությամբ, որը, ի տարբերություն Արևմուտքի երկրների, կարող է իրեն թույլ տալ իրականացնելու լայնամասշտաբ նախագծեր՝ երբեմն չկատարելով այն որոշակի խիստ պահանջները, որոնք վերաբերում են, օրինակ, շրջակա միջավայրի պահպանությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: