ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ հատուկ հանձնարարություն է իջեցվել կոշտ արձագանքել ընդդիմությանը
AnalysisՀայաստանի Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանը երեկ վերածվել է թեժ լեզվակռվի։
Փաշինյանը ցինիզմի «մաստեր-կլասս» է ցուցադրել ։ Մասնավորապես, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի, Լևոն Քոչարյանի, Գառնիկ Դանիելյանի հարցերին, Փաշինյանն ընդհուպ անցել է բարեկրթության բոլոր սահմանները, վիրավորական արտահայտություններ արել, իսկ նրա կողմնակիցները փորձել են միջադեպ և ծեծկռտուք հրահրել։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ հատուկ հանձնարարություն է իջեցվել հնարավորինս կոշտ արձագանքել ընդդիմության հարցերին և հնարավորության դեպքում փորձել իրավիճակը տեղափոխել մինչև ձեռնամարտի։
Փաշինյանն էլ իր կողմից վիրավորական արտահայտություններ և հայտարարություններ անելով , ավելի է սրել իրավիճակը, և միայն ընդդիմության զսպվածության պատճառով է , որ բանը կռվի չի հասել։
Միևնույն ժամանակ հարկ է արձանագրել ընդդիմության մարտավարական սխալը. Խորհրդարանում սադրիչ հարցեր և մեղմ , բայց վիրավորական որակումներ տալով, Փաշինյանին հնարավորություն են տալիս իր պաշտոնին ոչ հարիր, սակայն իր կերպարին բնորոշ հակահարձակումների անցնել։
Մինչդեռ ընդդիմությունն արդեն վաղուց պետք է հասկացած լիներ, որ Փաշինյանի դեմ հնարավոր է պայքարել բացառապես քաղաքական մտքի և իրական, իրատեսական տեսլականի առկայության պայմաններում ու արմատական գործողություններով։ Միանշանակ է, որ Փաշինյանի սիրած տակտիկան ընդօրինակելով ՝ նրանք վարչախմբի պարագլխին այդ հարցում հաստատ գերազանցել չեն կարող, ընդհակառակը՝ կորցնում են իրենց վարկանիշի վերջին նշույլները։
Մարիամ Բախշյան