Հալեպի բնակելի շրջանում դեկտեմբերի 10-ին երկու հրթիռ է ընկել:
Մարզի աղբյուրների տեղեկացմամբ` հրթռիներն ընկել են քաղաքի կենտրոնում գտնվող «Ջամալ Աբդ ալ Նասեր» այգու մերձակայքում, ինչի հետևանքով նյութական մեծ վնասներ են գրանցվել: Վնասվել է նաև մերձակայքում գտնվող բնակելի շինությունը, բարեբախտաբար, մարդիկ չեն տուժել:
Աղբյուրի տեղեկացմամբ` դեկտեմբերի 9-ի երեկոյան «Իսլամական պետությունը» Դեր Զորի Բուքմալ քաղաքում 4 քաղաքացու է սպանել, նրանց դիակները կապել սյունին՝ քաղաքի կենտրոնում: Նախորդ ամսվա ընթացքում Դեր Զորում ԻՊ-ը սպանել էր 10 քաղաքացու:
Ավելի վաղ սիրիական բանակը Արևելյան Ղուտայի Դումա քաղաքում ապահովել է 76 ընտանիքի դուրսբերումը, որոնք փախել են ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների հանցագործություններից: Ընդհանուր առմամբ, Դումայից փախուստի դիմած բնակիչների թիվը կազմել է 322, որոնց թվում մեծ մասամբ կանայք և երեխաներ են: Նրանք տեղափոխվել են Կուդսիա, որտեղ ժամանակավոր բնակություն կհաստատեն: