Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր դեկտեմբերի 15-ին Ազգային ժողովում հրավիրել արտահերթ նիստ:
Հարութունյանի խոսքով` գազի հանձնաժողովի եզրակացությունը ևս պետք է քննարկվի ԱԺ արտահերթ նիստին, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանին սա դուր չեկավ:
«Իրենց հանձնաժողովը մեր հետ կապ չունի, իրենց հարցն է, թող իրենք արտահերթ նիստ անեն, իրենց հարցերը քննարկեն և այդ հարցը լուծեն:Մեր պայմանավորվածությունը ԱԺ-ի հետ այդպես չէ, որքանո՞վ է կոռեկտ, որ մենք բերենք, մեր արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկենք, չե՞նք դառնա քննադատության առարկա»,- ասաց Աբրահամյանը:
Վարչապետը նիստին ներկա ԱԺ աշխատակազմի ղեկավար նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց, թե նորմա՞լ է, որ Կառավարության հետ կապ չունեցող հարցը քննարկվի Կառավարության արտահերթ նիստի ժամանակ:
Թովմասյանն ասաց, որ ԱԺ-ն նման պրակտիկա ունեցել է, երբ Կառավարության արտահերթ նիստին քննարկվել է Ազգային ժողովի ներկայացրած հարցը:
«Ընդդիմությունը սկսելու է քննադատել: Ես առաջարկում եմ՝ թող իրենք որոշեն, ճիշտ չի լինի խնդիրը կառավարության հետ կապել»,-հավելեց վարչապետը: