Արթուր Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Նաիրիտցիներն այսօր նորից ցույցի էին դուրս եկել. կառավարությունից պահանջում էին իրենց 15 ամսվա աշխատավարձերը: Կառավարությունում խոստացել են դեկտեմբերի 15 ին վճարել մեկ ամսվա աշխատավարձ, մեկ ամսվա էլ` Հունվարին:
Փաստացի ունենք իրավիճակ, երբ գործարանը չի աշխատում, բայց աշխատողները գրանցված են ու աշխատավարձ են պահանջում: Ուղղակի անհասկանալի է, թե ինչպե՞ս է այս անհեթեթ իրավիճակն առաջացել ու այսքան խորացել:
Հասկանալի բան է, որ գործարանը չի աշխատում, հետևաբար, չունի նաև աշխատողներին աշխատավարձ վճարելու համար գումար: Իսկ ո՞վ է պարտավոր վճարել, պետբյուջե՞ն: Ստացվում է, որ բոլեր քաղաքացիների, ձեռնարկատերերի հարկերից պետք է Նաիրիտի աշխատողները չաշխատած ամիսների համար աշխատավարձ ստանան: Ոնց որ չի տեղավորվում տրամաբանության շրջանակներում:
Կամ, լավ, կառավարությունն ինչո՞ւ է իր վրա վերցնում մեկ կամ երկու ամսվա աշխատավարձերը վճարելու պարտավորությունը` մի կողմ թողնելով գործարանի բաժնետերերին: Չէ՞ որ այդ բաժնետերերի` աշխատանքը սխալ կազմակերպելու, գուցե նաև օրինախախտումների պատճառով է առաջացել այս իրավիճակը: Ինչո՞ւ պետական մարմինները «մեյդան» չեն բերում այդ անձանց, բացահայտում մեղավորներին ու պատասխանատվության ենթարկում:
Արդեն հասունանում է մի իրավիճակ, որ իշխանությունները պետք է բացահայտեն Նաիրիտի քայքայման մեղավորներին ու պատասխանատվության ենթարկեն նրանց` ինչպես փոշիացված վարկերի, այնպես էլ չվճարված աշխատավարձերի համար: