Փաշինյանը փորձում է Իրանին համոզել, թե իր դեմ չեն աշխատում
AnalysisԱՄՆ–Իրան հարաբերությունները կրկին սրվել են․ Միացյալ Նահանգները իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանի տարածքը։ Մինչ Վաշինգտոնն ու Թեհրանը պայմանավորվում են հանդիպում անցկացնել Օմանի մայրաքաղաք Մասկատում՝ քննարկելու իրանական միջուկային ծրագրի հարցերը, Միացյալ Նահանգները շարունակաբար ավելացնում է խոշոր ռազմանավերի ներկայությունը Իրանի շուրջ։ Վերլուծաբանների մեծ մասը կարծում է, որ ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Թեպետ Հայաստանի իշխանությունները առերևույթ վախվորածության որևէ նշույլ չեն ցույց տալիս, սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ունեն բավականին լուրջ մտավախություններ։ Նրանք հասկանում են, որ նման զարգացումները ծանր հետևանքներ կարող են ունենալ թե՛ Հայաստանի, թե՛ իրենց համար։ Անցած օրերին Իրան է մեկնել ոչ շատ բարձրաստիճան պատվիրակություն, որը տեղում քննարկումներ է անցկացրել իրանցի պաշտոնյաների հետ՝ փորձելով հասկանալ, թե ստեղծված իրավիճակում ինչ քայլեր կարող են ձեռնարկել։
Հայաստանի իշխանությունը հայտարարել է չեզոքության քաղաքականության մասին, սակայն Իրանում չափազանց ծանր են ընդունում Հայաստանի գործող իշխանությունների որոշ դիրքորոշումներ, ինչպես նաև նախկինում Երևանում հակաիրանական բողոքի ակցիաները թույլատրելու փաստը։ Այժմ փաշինյանական իշխանությունը կրկին կարիք ունի պաշտոնական Թեհրանին համոզելու, որ ստեղծված իրավիճակում չի գործելու Արևմուտքի շահերից ելնելով։ Այդ նպատակով, մեր տեղեկություններով, իրանցի ակտիվիստներին ամենօրյա պարբերականությամբ հրավիրում են քննչական մարմիններ և ԱԱԾ, ճնշումների ենթարկում, ինչի մասին վերջիններս հրապարակային հայտարարություններ են անում՝ փորձելով փոխանցել այդ տեղեկատվությունը նաև Թեհրանին։ Իշխանությունների նպատակն է ցույց տալ, թե Երևանը չի կանգնած բողոքի ակցիաների թիկունքում։
Սոնա Գալստյան