Բացառիկ գեղեցիկ մարզաձև, որը համադրում է բարձր արվեստն ու սպորտը. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս օրերին Միլանում անցկացվում են Ձմեռային օլիմպիական խաղերը: Դրանց մեջ իր ուրույն տեղն ունի գեղասահքը, որը համարվում է ամենագեղեցիկ մարզաձևերից մեկը, որը համադրում է բարձր արվեստն ու սպորտը: Իսկ ի՞նչ պատմություն ունի այն:
Հնագետները շատ եվրոպական երկրներում են հայտնաբերել փայտից և ոսկորից պատրաստված ամենապարզունակ հին չմուշկներ։ Ենթադրվում է, որ դրանց ծագումն սկսվել է բրոնզի դարից (մ.թ.ա. 3500– 1200 թվականներ)։ Այդ սարքերը թույլ էին տալիս որսորդներին և ճանապարհորդներին շատ ավելի արագ շարժվել, բայց, անշուշտ, հարմար չէին գեղասահքի համար։ Իսկ գեղասահքի պատմությունն սկսվել է միջնադարից։ Պատմաբանները կարծում են, որ այդ մարզաձևը ծագել է այն արհեստավորների շնորհիվ, որոնք ոսկորի փոխարեն չմուշկների համար պատրաստել են երկաթե շեղբեր։ Հոլանդացիներն առաջինն էին, որ աշխարհին են ներկայացրել նման չմուշկներն ու բուն գեղասահքը։ Հետաքրքիր է, որ մինչև 16-րդ դարը գեղասահքի մեջ չէին ներառվում ցատկերը, մարմնամարզական շարժումները և որոշակի այլ «տրյուկները»։ Գեղասահորդի նպատակն էր սառույցի վրա հնարավորինս շատ տարբեր կերպարներ և նախշեր նկարել՝ առանց ընկնելու և նրբագեղ կեցվածքը պահպանելով։ Հետո գեղասահքը Եվրոպայից անցել է Ամերիկա։ 18-րդ դարում Միացյալ Նահանգներում ակտիվորեն կառուցվել և բացվել են դպրոցներ և կրթական հաստատություններ երիտասարդ չմշկասահորդներին մարզելու համար։ Մարզաձևի տեխնիկան զարգացել և կատարելագործվել է, փորձարկվել են չմուշկների արտադրության համար նախատեսված տարբեր նյութեր։ 19-րդ դարի կեսերին այդ՝ գրեթե բոլոր ժամանակակից նորարարությունները մանրամասն նկարագրված են Գլազգոյի չմշկասահքի միության նախագահ Անդերսոնի գրքում։
Պարող, չմշկասահորդ Ջեքսոն Հեյնսն է աշխարհին ներկայացրել գեղասահքի նոր ոճը, որը ներառում էր չմշկասահք երաժշտության ներքո, պարային շարժումներ և պտույտներ։ Ավելին, հենց Հեյնսն է հորինել չմուշկները կոշիկներին ամուր պտուտակելու գաղափարը, քանի որ նախկինում դրանք ամրացվում էին ժապավեններով և հաճախ ընկնում էին։ 1860ական թվականներին նա իր նոր չմուշկներով շրջագայել է Ամերիկայում և Եվրոպայում ու մեծ գովասանքի արժանացել։
1871 թվականին գեղասահքի՝ որպես սպորտ ճանաչվելուց հետո սկսվել են պարբերաբար մրցումներ անցկացվել։ 1882 թվականին Վիեննայում անցկացվել է գեղասահքի առաջին պաշտոնական մրցաշարը, որին մասնակցել են պրոֆեսիոնալ գեղասահորդների փոքրաթիվ խմբեր։ Հաջորդ մրցույթը, որը տեղի է ունեցել 1890 թվականին Սանկտ Պետերբուրգում, գրավել է աշխարհի լավագույն չմշկասահորդներին Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Նորվեգիայից, Նիդեռլանդներից և այլ երկրներից։
1892 թվականին հիմնադրվել է Գեղասահքի միջազգային միությունը։ 1891 թվականին Գերմանիայում անցկացվել է Եվրոպայի առաջին առաջնությունը, իսկ 1896 թվականին Սանկտ Պետերբուրգում՝ աշխարհի առաջնությունը։ Կանանց աշխարհի առաջին առաջնությունը տեղի է ունեցել Շվեյցարիայում 1906 թվականին։
Գեղասահքն առաջին անգամ ներառվել է 1908 թվականի Օլիմպիական խաղերի ցուցադրական ծրագրում, և միայն 1924 թվականին է այն դարձել առաջին Ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական ծրագրի մաս։ Հետաքրքիր է, որ այն ժամանակ պրոֆեսիոնալ գեղասահորդների ծրագրերը ներառում էին ոչ ավելի, քան երկու կամ երեք ցատկ։ Ամեն ինչ փոխվել է, երբ ամերիկացի Դիկ Բաթոնը ներկայացրել է ծրագիր՝ ցատկերի լայն տեսականիով, այդ թվում՝ առանցքային ցատկով։ Այդ ժամանակվանից ի վեր ցատկերը գեղասահքի մրցումների պարտադիր մասն են դարձել։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում