Իշխանությունները հիմնովին ձախողել են Երևանի փոսալցման աշխատանքները
AnalysisԳործող իշխանությունները հիմնովին ձախողել են Երևանի փոսալցման աշխատանքները։ Ձյան հալոցքից հետո Երևանի փողոցները նմանվում են Գազայի գնդակոծված տարածքներին, իսկ քաղաքացիները օրական տասնյակ և հարյուրավոր մեքենաներ են վնասում՝ փորձելով անցնել մարդաբոյ փոսերի վրայով։ Իշխանությունը, բնականաբար, չի փոխհատուցելու որևէ մեկի կրած նյութական և բարոյական վնասը։ Այս օրերին էլ տարբեր քարոզչամիջոցներով փորձում են տպավորություն ստեղծել, թե փոսալցման աշխատանքներ են իրականացնում, բայց այդպիսիք առանձնապես նկատելի էլ չեն։
Ըստ երևույթին, անցած տարիներին բավական անորակ ասֆալտ է արվել, որի հետևանքով էլ մայրաքաղաքում իրավիճակը ծանրացել է, ընդ որում՝ գործող իշխանությունները հերքում են անորակ ասֆալտ անելու, արդյունքում ատկատներ ստանալու հանգամանքը և նոր մեղավորներ են գտել։ Իհարկե, այդ մեղավորները, ինչպես սովորաբար լինում է փաշինյանական իշխանության դեպքում, «նախկիններն» են։ Մասնավորապես, իշխանությանը պատկանող լրատվամիջոցները գրում են, թե Կենտրոն վարչական շրջանում աշխատանքները դանդաղ են ընթանում, քանի որ դրանք իրականացնում է 3-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամուն պատկանող ԱԱԲ ընկերությունը, որը սաբոտաժի է ենթարկում գործընթացը։
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ պարբերաբար Ռոբերտ Քոչարյանին և նրա ազգուտակին քննադատող փաշինյանական իշխանությունը մեծ հաճույքով տենդերներ է կազմակերպում հենց այդ ընկերության համար, ոչ առանց անձնական շահագրգռության, բայց հիմա էլ սեփական ընդունակությունը այլ ընկերությունների ու հատկապես ընդդիմության վրա բարդելը, մեղմ ասած, խոսում է գործող իշխանությունների անսկզբունքայնության մասին։
Սերինե Գալստյան