Հոլիվուդյան դերասան Ջոննի Դեպի 15-ամյա դուստրը` Լիլի-Ռոուզը սկսում է իր դերասանական կարիերան` նկարահանվելով «Yoga Hosers» կատակերգությունում: Ֆիլմի ռեժիսորը Քեյվին Սմիթն է: Լիլի-Ռոուզի խաղընկերը նրա հայրն է` Ջոննի Դեպը: Հոլիվուդյան այս դերասանի ու նրա քաղաքացիական կողակցուհի Վանեսա Պարադիի զավակները, ի դեպ նրանք համեմատաբար վերջերս բաժանվեցին, մեծացել են պապարացցիների ամենատես «աչքից» հեռու` Ֆրանսիայի հարավում: Սակայն ծնողների ամուսնալուծությունից հետո մայրը նրանց տեղափոխեց Լոս Անջելես, իր արարքը հիմնավորելով այն գաղափարով, թե Միացյալ Նահանգներում մարդն ավելի հեշտորեն կկայանա ու իրացնի սեփական հնարավորությունները: Ջոննին դեմ չէ, որ դուստրն իր ճանապարհով գնա, սակայն անընդհատ դայակություն է անում նրան նաև այդ հարցում: Նա չի թաքցնում, որ դուստրն այդ դերն ստացել է իր շնորհիվ, թեև ժապավենում Լիլի-Ռոուզի դերը երկրորդական է: Ֆիլմում դեր ունի նաև ռեժիսորի դուստրը: Անկեղծ ասած, սա աղջիկների առաջին նկարահանումը չէ: Նրանք նկարահանվել են Քեյվին Սմիթի մեկ այլ ֆիլմում ևս, որը ներկայացվել է կանադական մի կինոփառատոնի Տորոնտոյում: Այնտեղ ակնթարթային դերակատարությամբ հանդես է եկել նաև Դեպը: Ի դեպ, Լիլի-Ռոուզը ունի իր սեփական բլոգը, որտեղ ինքն իրեն անվանում է ուղղակի տասնհինգամյա աղջնակ, ով հաշվել է այն մտքի հետ, որ հայտնի ծնողների դուստր է: