«Կրկին փորձիր»․ հումորային ֆանտաստիկ պատմություն, որը ստիպում է ծիծաղել ու մտածել
CultureՓետրվարի 26-ից հայկական կինոթատրոններում ցուցադրվում է «Կրկին փորձիր» ֆանտաստիկ կինոկատակերգությունը, որը հանդիսատեսին առաջարկում է հումորով ու զգացմունքներով հագեցած պատմություն՝ կարևոր ուղերձով։
Ֆիլմի կենտրոնում երիտասարդ հերոսն է, ով սիրո համար պատրաստ է վաճառել իր հոգին՝ փոխարենը ստանալով վեց ցանկություն։ Սակայն այդ ընտրությունը նրան տանում է անսպասելի ու զվարճալի իրավիճակների մեջ՝ ստիպելով վերանայել սեփական որոշումներն ու կյանքի իրական արժեքները։
Գլխավոր դերակատարներից Գարիկ Պապոյանը, ով նաև ֆիլմի պրոդյուսերներից է, նշում է, որ նախագիծը երկար ու բարդ ճանապարհ է անցել մինչև էկրան հասնելը։ Նրա խոսքով՝ ֆիլմի գաղափարը տարիներ շարունակ իր հետ է եղել, և ամբողջ գործընթացը դարձել է ստեղծագործական հետաքրքիր փորձ։
Ֆիլմը առանձնահատուկ նշանակություն ունի դերասանուհի Սոնա Մաթևոսյանի համար, քանի որ սա նրա առաջին գեղարվեստական ֆիլմն է։ Դերասանուհին խոստովանում է, որ մեծ հուզմունքով ու երախտագիտությամբ է հիշում նկարահանումների շրջանը՝ նշելով ստեղծագործական թիմի ջերմ վերաբերմունքը։
Սատանայի կերպարը մարմնավորում է Լուիզա Ներսիսյանը, ում խաղը, ըստ ստեղծագործական խմբի, առանձնանում է բնականությամբ ու արտահայտչականությամբ։ Իսկ Արմուշի հետ համագործակցությունը Գարիկ Պապոյանը բնութագրում է որպես թեթև ու շատ օրգանիկ աշխատանք։
Ֆիլմում նկարահանվել է նաև Գարիկ Պապոյանի կինը՝ բլոգեր Մարիաննա Վարդանյանը։ Նրա համար այս առաջարկը եղել է լիովին անսպասելի, սակայն դերը՝ փոքր, բայց ասելիքով լի։ Ֆիլմում հանդես են գալիս նաև նրանց երեխաները։
Ռեժիսորներ Արման Սարգսյանն ու Գրիգոր Գասպարյանը նշում են, որ ֆիլմի հիմնական նպատակը հանդիսատեսին ծիծաղ պարգևելն է, բայց միաժամանակ կարևորել են նաև արժեքային շերտը՝ հիշեցնելով, որ հաճախ չենք նկատում այն, ինչ արդեն ունենք մեր կողքին։
«Կրկին փորձիր» ֆիլմը հրավիրում է ոչ միայն հաճելի ժամանցի, այլև ինքնավերլուծության՝ սեփական ցանկություններն ու առաջնահերթությունները վերաիմաստավորելու համար։
Ստեղծագործական կազմ
Գլխավոր դերերում՝ Գարիկ Պապոյան, Սոնա Մաթևոսյան, Լուիզա Ներսիսյան, Արմուշ, Մարիաննա Վարդանյան
Ռեժիսորներ՝ Արման Սարգսյան, Գրիգոր Գասպարյան
Գլխավոր պրոդյուսեր՝ Ամարաս Գասպարյան
Պրոդյուսերներ՝ Գարիկ Պապոյան, Արման Սարգսյան, Գրիգոր Գասպարյան
Սցենարի հեղինակներ՝ Վան Գրիգորյան, Արմեն Սարգսյան։
Մարինա Ալեքսանյան