Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ
Sport«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Նյուքասլ Յունայթեդի» դեմ առաջին հանդիպման սպասելիքներով։
««Նյուքասլը» լավ է խաղում, որակյալ պրեսինգ է կիրառում մեկը մեկի դեմ և արագ զարգացնում գրոհները։ Մենք պետք է շատ ուշադիր պաշտպանվենք՝ դրսևորելով խիզախություն և հավատ սեփական ուժերի նկատմամբ։ Հաշվի է առնվելու երկու խաղերի արդյունքը, և մենք դրանում արդեն համոզվել ենք Իսպանիայի գավաթում «Ատլետիկոյի» դեմ կայացած հանդիպումներում։ Մենք ուսումնասիրել և թիմի ներսում անկեղծորեն քննարկել ենք այդ խաղը․ մենք չէինք պաշտպանվում այնպես, ինչպես կցանկանայինք։ Այժմ հատուկ աշխատել ենք պաշտպանությունում խաղի վրա, քանի որ դա շատ կարևոր է Չեմպիոնների լիգայում»։
Անդրադառնալով մրցակցին և նրա ներկայացրած առաջնությանը՝ Ֆլիկը հավելել է. «Պրեմիեր լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է, այն պարզապես անհավանական է։ Սակայն մենք նույնքան ուժեղ ենք, որքան մեր մրցակիցը։ Մեզ անհրաժեշտ է խաղալ մեր փիլիսոփայությամբ և դա ցույց տալ աշխարհին»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Նյուքասլ»- «Բարսելոնա» հանդիպումը կկայանա այսօր` մարտի 11-ին, Երևանի ժամանակով 00։00-ին։