ՔՊ ներքին ընտրությունները կարող են անակնկալներ մատուցել
AnalysisՄինչ «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության ընտրական ցուցակի առաջին 50 համարները ուրախ ավտոբուսով շարունակում են պտույտները Երևանի փողոցներում, Նիկոլ Փաշինյանն էլ այսօր անցել է արդեն անձամբ մեքենա վարելուն, «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակում շարունակում են ներկուսակցական ընտրությունները, որոնց արդյունքներով ձևավորվելու է ցուցակի առաջին 50 համարների հերթականությունը։ Ընտրությունները սկսվել են երեկ։
Այսօր երեկոյան արդեն ավարտվելու են, իսկ ուշ կեսգիշերին կամ էլ վաղը առավոտյան հայտնի կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին 50 համարների հերթականությունը, ինչպես նաև՝ վարչապետի թեկնածուն։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանն այս անգամ հանձնարարել է ընտրություններն անցկացնել այնպես, որպեսզի կասկածներ չլինեն։ Հիշեցնենք, առաջին փուլի ընտրություններով Փաշինյանին մոտ 4 տասնյակ քպականներ քվե չէին տվել, ինչը բավականին լուրջ խոսակցություններ էր առաջացրել հենց կուսակցության ներսում։ Գրեթե 1000 պատվիրակների ընտրությունը այժմ պետք է այնպես կազմակերպել, որ Փաշինյանի մասով որևէ կասկած գոյություն չունենա, ու թեև ընտրողներն իրենք պետք է գրեն իրենց նախընտրելի վարչապետի անունը, ըստ էության, գրեթե բոլորից պահանջում են նշել Նիկոլ Փաշինյանի անունը, որպեսզի վերջինս համարյա 100 %-անոց արդյունք ցույց տա։
Մինչդեռ փաստն իրականում այն է, որ Փաշինյանին չի հաջողվում վերահսկել նույնիսկ սեփական կուսակցությունը, որտեղ ևս կան որոշակի թվով անձինք, ովքեր հասկանում են Փաշինյանի պաշտոնավարման վտանգավորությունը։ Իսկ խորհրդարանական ընտրություններից առաջ ներկուսակցական հակասությունները հանրային դաշտ դուրս բերելը հղի է «ծանր հետևանքներով հենց իշխանության համար»։
Սոնա Գալստյան