Անատամ արձագանք ադրբեջանական սադրանքին
AnalysisՀայաստանի ԱԳՆ-ն որոշել է պատասխանել Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությանը, բայց պատասխանը, ինչպես սովորաբար լինում է ՀՀ իշխանությունների պարագայում, այնքան անատամ և խեղճ է, որ յուրաքանչյուր հայ ամոթ է զգում։ Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայերին կրկին ցեղասպանության մեջ է մեղադրել, երեկ հանդես է եկել 1918-ի մարտի 31-ին Բաքվում տեղի ունեցած դեպքերի մասին հայտարարությամբ՝ պնդելով, թե 108 տարվա վաղեմության այդ իրադարձությունների ընթացքում «արմատական հայկական խմբավորումները ադրբեջանցիների զանգվածային սպանություններ են իրագործել»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է՝ «ցեղասպանության» ակտեր իրագործվել են մի շարք այլ քաղաքներում ևս՝ հիշատակելով Երևանը՝ այն անվանելով Իրևան։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության, գրել է, թե «տասնամյակների պատմություն ունեցած հակամարտության ընթացքում ձևավորվել են մի շարք թշնամական, ոչ հավաստի նարատիվներ, որոնք, ցավալիորեն, Ադրբեջանում դեռ շարունակվում են օգտագործվել նաև պետական մակարդակով»։
«Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ոչ միայն կծառայի երկու պետությունների և հասարակությունների միջև կայուն խաղաղ համակեցության և բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը, այլև վերջ կդնի մտացածին թեզերի գոյությանն ու կբացառի ատելության խոսքը»,- նշել է ԱԳՆ խոսնակը։
Միջազգային ասպարեզում ՀՀ շահերը հետին պլան մղած իշխանությունների այս պահվածքն արդեն վաղուց նորություն չէ։ Բաքվից պարբերաբար հնչող կեղծիքներին, ռազմատենչ հայտարարություններին, պատմության զեղծարարության փորձերին հայկական կողմի պատասխանները ավելի շուտ վտանգավոր են հենց ՀՀ-ի համար։ Իսկ փաշինյանական իշխանությունից այս առումով այլևս սպասելիք չկա։ Գործող վարչախումբը վաղուց վերածվել է ազգային անվտանգության սպառնալիքի։
Աննա Մարգարյան