ԱՄՆ ԶՈՒ-ն կմնա Իրանի սահմանների մոտ մինչև համաձայնագրի պայմանների կատարումը․ Թրամփ
PoliticsԱմերիկացի զինծառայողներն ու սպառազինությունը կմնան իրանական սահմանների մոտ այնքան ժամանակ, քանի դեռ չեն պահպանվել համաձայնագրի բոլոր պայմանները։ Այս մասին Truth Social-ում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«ԱՄՆ բոլոր նավերը, օդանավերը և անձնակազմը՝ հավելյալ մարտական լրակազմով, սպառազինությամբ և այն ամենով, ինչը տեղին է ու անհրաժեշտ արդեն իսկ թուլացած թշնամու մահացու հետապնդման և ոչնչացման համար, կմնան իրենց տեղերում այնքան ժամանակ, քանի դեռ ձեռք բերված համաձայնագիրը չի պահպանվի ամբողջ ծավալով», - գրել է ամերիկյան առաջնորդը
Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը ինչ-որ պատճառով չկատարի համաձայնագրի բոլոր պայմանները, ԱՄՆ-ը ավելի ուժգին հարվածներ կհասցնի։
«Եթե որևէ պատճառով դա տեղի չունենա, ինչը խիստ անհավանական է, ապա կսկսվի հրաձգությունը՝ ավելի մեծ, ավելի լավ և ավելի ուժգին, քան որևէ մեկը երբևէ տեսել է։ Շատ վաղուց էր համաձայնեցված, և հակառակի մասին ողջ կեղծ հռետորաբանությանը հակառակ՝ ոչ մի միջուկային զենք, և Հորմուզի նեղուցը լինելու է բաց և անվտանգ։ Միևնույն ժամանակ, մեր հզոր բանակը համալրվում է և հանգստանում՝ իրականում անհամբեր սպասելով իր հաջորդ Նվաճմանը»,- ամփոփել է Թրամփը։