ՀՀ ԱԺ այսօրվա արտահերթում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադառնալով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա կատարված հարձակմանը հայտարարեց. «Ես այն կարծիքին եմ, որ խորհրդարանի խոսնակը պարտավոր էր խորհրդարանում ներկայացնել տեղեկություններ մեր գործընկերոջ նկատմամբ կատարված ոտնձգության վերաբերյալ։ Ավելին, պարբերական կապի մեջ լինելով ոստիկանապետի հետ՝ տեղեկություններ ներկայացներ խորհրդարանում, թե ինչպես է ընթանում գործի քննությունը։ Կարծում եմ՝ սա պարզ տրամաբանություն է, և այդ սխալը պետք է ուղղվի»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց Ֆարմանյանի այս կոշտ հայտարարությանը, ասելով, որ խորհրդարան գալուց առաջ պետք է լավ ուսումնասիրել, թե ինչ է կարելի այստեղ անել, ինչը` ոչ:
«Նա էլ ձեզանից մեկն է, որ ինչ ուզի կխոսի, ինչ ուզի` չի խոսի: Նա պետք է ուսումնասիրեր բոլորի լիազորությունների շրջանակները: Այդպիսի հայտարարությամբ հանդես գալը, կարծում եմ, հանրապետականի տեսակետ չէ: Իմ զուսպ վերաբերմունքը բավարարում է, որպեսզի ամեն մարդ իր տեղն իմանա ու ճանաչի»,- ասաց Գալուստ Սահակյանը: