Եվրասիական սերտ ինտեգրումը օգուտ է բերում ԵԱՏՄ յուրաքանչյուր մասնակցի. Պուտին
PoliticsԵվրասիական սերտ ինտեգրումը, հաշվի առնելով ներկա իրավիճակի առանձնահատկությունները, օգուտ է բերում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից յուրաքանչյուրին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կցանկանայի հատուկ ընդգծել, որ, հաշվի առնելով ներկա իրավիճակի առանձնահատկությունները, եվրասիական սերտ ինտեգրումը, այնուամենայնիվ, իրական օգուտ է բերում մեր միավորման անդամ պետություններից յուրաքանչյուրին։ Այն նպաստում է բիզնեսի եկամուտների ավելացմանը, մեր երկրների բնակչության կյանքի որակի և բարեկեցության բարելավմանը»,- նշել է ռուս առաջնորդը։
«Մեր «հնգյակի» հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկան կայուն դրական բնույթ է կրում»,- մատնանշել է Պուտինը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրության ընդհանուր ծավալն աճել է 1,6%-ով, գյուղատնտեսական արտադրությանը՝ 4,6%-ով, իսկ շինարարությանը՝ 4,2%-ով։
«Աճ է նկատվում նաև տնտեսության ճյուղերի մեծ մասում։ Անցյալ տարի մեր միավորման պետությունների միջև ապրանքաշրջանառությունը հասել է 95 միլիարդ դոլարի»,- հավելել է ՌԴ նախագահը։ Բացի այդ, շարունակել է նա, բարելավվում է ապրանքափոխանակության կառուցվածքը՝ բարձր տեխնոլոգիական արտադրանքի մատակարարումների ընդլայնման և միաժամանակ հումքային ապրանքների տեսակարար կշռի նվազման հաշվին։
«ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում հետևողականորեն վերացվում են առևտրային արգելքները, ընթանում է ոչ սակագնային կարգավորման կանոնների համապատասխանեցումը (ունիֆիկացումը), և մեր երկրների միջև գրեթե բոլոր հաշվարկներն իրականացվում են ազգային արժույթներով։ Այսպիսով, փոխադարձ արտահանման և ներմուծման գործառնությունները հուսալիորեն պաշտպանված են արտաքին ազդեցությունից և գլոբալ շուկաների բացասական միտումներից»,- եզրափակել է Պուտինը։