Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնակցում է «RISE Powered by Silicon Mountains 2026» երկօրյա տեխնոլոգիական ցուցահանդես-ֆորումին
BlogՀայաստանի պաշտպանական և բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը ձևավորում են երկրի նոր ուժն ու ապագան։ Այս ճանապարհին կարևոր է ոչ միայն գաղափարը, այլև այն հումքը, որով կառուցվում է տեխնոլոգիական անվտանգությունը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնակցում է «RISE Powered by Silicon Mountains 2026» երկօրյա տեխնոլոգիական ցուցահանդես-ֆորումին՝ որպես միջոցառման պլատինե գործընկեր։
Ռազմարդյունաբերություն, կիբեռանվտանգություն, ինժեներական նորարարություններ, պաշտպանական տեխնոլոգիաներ․ «RISE Powered by Silicon Mountains 2026»-ը մեկ հարթակում միավորել է հայկական տեխնոլոգիական մտքի ներուժը, միջազգային փորձն ու ապագայի լուծումները։
Պղինձն ու մոլիբդենը ժամանակակից ռազմարդյունաբերության առանցքային մետաղներն են։ Դրանք կիրառվում են հրթիռաշինությունից և զրահապատ տեխնիկայից մինչև կիսահաղորդիչներ, չիպեր, արբանյակային համակարգեր ու դռոնների շարժիչներ։ Այն, ինչ ստեղծվում է Սյունիքում, վաղվա տեխնոլոգիական աշխարհի կարևոր մասն է դառնում։
ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը, ով նաև «Ռազմարդյունաբերության զարգացման մարտահրավերները» խորագրով պանելային քննարկման խոսնակ էր, լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ Հայաստանը նորագույն տեխնոլոգիաներում և ռազմարդյունաբերությունում կիրառվող երկու կարևորագույն մետաղների՝ պղնձի ու մոլիբդենի արդյունահանման մեծ ներուժ ունի:
«Հանքարդյունաբերության ոլորտը ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ, չնայած որ ԶՊՄԿ-ն և առհասարակ, հանքարդյունաբերության ոլորտը ուղիղ ներդրումներ չի կարող անել այդ ոլորտում, քանի որ համադրելի չեն: Այդուհանդերձ, հանքարդյունաբերության ոլորտը, ապահովելով հսկայածավալ հարկային մուտքեր, անուղղակի գումար է ներդնում ռազմարդյունաբերության ոլորտի մեջ՝ պետական ծրագրերի միջոցով»,- ասել է Ջհանյանը:
ԶՊՄԿ-ն կարևորում է Հայաստանում նման ռազմավարական հարթակների ձևավորումը և շարունակելու է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք զարգացնում են երկրի գիտատեխնիկական ներուժը, արդյունաբերությունը և պաշտպանունակությունը։
Հունիսի 3-4-ին անցկացվող «RISE Powered by Silicon Mountains 2026» ֆորումը մասնագիտական քննարկումների, նոր համագործակցությունների և ռազմարդյունաբերական ոլորտի ապագայի ձևավորման կարևոր կենտրոն է։