ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային
SocietyԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային, որն իրականացվել է Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի արյան ծառայության Գորիսի բաժանմունքի հետ համագործակցության շրջանակում։
Ընկերությունից հայտնում են, որ արյունատվության նախաձեռնությունը տարիներ շարունակ իրականացվում է որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի մի մաս։ Ակցիայի նպատակն է աջակցել բուժհաստատություններին և նպաստել կամավոր արյունատվության մշակույթի տարածմանը։
«Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր» ծրագրի շրջանակում ԶՊՄԿ-ի ավելի քան 100 աշխատակից տարբեր ժամանակահատվածներում անհատույց արյուն է հանձնել՝ իրենց մասնակցությունն ունենալով արյան պաշարների համալրման գործում։
Նշվում է, որ ակցիային ակտիվորեն մասնակցել են նաև ազդակիր Արծվանիկ համայնքում բնակվող աշխատակիցները։
Ընկերությունը շնորհակալություն է հայտնել ակցիային միացած բոլոր մասնակիցներին՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն հասարակության համար։