Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
SocietyUcom-ի աջակցությամբ՝ «Արևորդի» բնապահպանական հասարակական կազմակերպությունը Վայքի մանկապատանեկան մարզադպրոցում տեղադրել է 15 կՎտ տեղակայված հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։
Նախկինում համայնքային միջոցներով մարզադպրոցում տեղադրված 5 կՎտ հզորությամբ արևային կայանի արտադրած էլեկտրաէներգիան չէր բավարարում հաստատության ջեռուցման և օդափոխության կարիքները, մինչդեռ նոր՝ 15 կՎտ հզորությամբ կայանի գործարկմամբ մարզադպրոցը կկարողանա իր էլեկտրաէներգիայի պահանջարկը գրեթե ամբողջությամբ ապահովել սեփական արտադրությամբ։
«Ucom-ի համար կանաչ տեխնոլոգիաների ներդրումը միայն շրջակա միջավայրի պահպանության մասին չէ։ Այն նաև համայնքային կառույցների արդյունավետության, կայունության և երկարաժամկետ զարգացման հարց է։ Երբ մարզադպրոցը կարողանում է նվազեցնել էներգետիկ ծախսերը և այդ միջոցներն ուղղել երեխաների պայմանների բարելավմանը, տեխնոլոգիան ստանում է շատ հստակ սոցիալական նշանակություն։ Վայքում իրականացված այս ծրագիրը մեր մոտեցման ևս մեկ օրինակ է՝ ներդրումներ կատարել լուծումներում, որոնք միաժամանակ արժեք են ստեղծում մարդկանց, համայնքների և շրջակա միջավայրի համար», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Մարզադպրոց այսօր հաճախում է ավելի քան 430 երեխա։ Այստեղ գործում են ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, քիքբոքսինգի, կարատեի, ծանրամարտի և սեղանի թենիսի խմբակներ՝ աղջիկների և տղաների համար, ինչպես նաև պարբերաբար անցկացվում են շախմատի մրցաշարեր։
«Համայնքային ենթակառուցվածքների էներգետիկ ինքնաբավությունը մենք դիտարկում ենք որպես բնապահպանական և տնտեսական խնդիրների համակարգային լուծման ուղիներից մեկը։ Ապակենտրոնացված արևային էներգիայի արտադրությունը նվազեցնում է ածխածնային հետքը, բարձրացնում էներգետիկ անվտանգությունը և ազատում ռեսուրսներ, որոնք համայնքը կարող է ուղղել իր առաջնահերթ կարիքներին։ Վայքի մարզադպրոցում իրականացված ծրագիրն այս մոդելի գործնական օրինակն է»,– նշել է «Արևորդի» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Սոնա Քալանթարյանը։
Կայուն և հասանելի էներգիայի առկայությունը հնարավորություն կտա նվազեցնել մարզադպրոցի ընթացիկ ծախսերը և խնայված միջոցներն ուղղել երեխաների համար մարզումների առավել հարմարավետ պայմանների ստեղծմանը։ Միաժամանակ կայանը կնպաստի հաստատության էներգետիկ ինքնաբավության բարձրացմանն ու շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանը։ Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի համագործակցության չորս տարիների ընթացքում արդեն տեղադրվել է 18 արևային կայան՝ Հայաստանի տարբեր մարզերի մանկապարտեզներում, համայնքային նշանակության շենքերում և ենթակառուցվածքներում, խթանելով բնապահպանական կայունությունն ու տնտեսական արդյունավետությունը։