Շանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»
International news«Փաստ» օրաթերթը գրում է.
ukraina.ru–ն «Հայաստանի շանտաժի մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը իր Telegram ալիքում կտրուկ է արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ երկաթուղու վարձակալության համար Ռուսաստանից տարեկան 2 միլիարդ դոլար պահանջելու մտադրության մասին։ Կոտենոկի խոսքով, դա ոչ այլ ինչ է, քան բացահայտ շանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ հենց Հայաստանի համար։
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, թե Երևանը երկաթուղային տրանսպորտային ցանցը համարում է իր սեփականությունը և մտադիր է այն կառավարել ինքնուրույն՝ սպառնալով դատի տալ «Հարավկովկասյան երկաթուղուն», որը «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունն է։ Այդ ընկերությունը կառավարում է հայկական երկաթուղիները կոնցեսիոն պայմանագրով։ ՀՀ վարչապետը նախկինում նաև առաջարկել էր երկաթուղին վաճառել երրորդ երկրներին՝ անտեսելով ռուսական ներդրումները, որոնք 17 տարվա ընթացքում կազմել են ավելի քան 390 միլիոն դոլար։
«Դուխով հայ վարչապետը պատրաստ է նույնիսկ դատի տալ «Հարավկովկասյան երկաթուղուն», քանի որ այն համարում է իր սեփականությունը և մտադիր է կառավարել ինքնուրույն։ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք տարեկան 2 միլիարդ դոլար վարձավճար կպահանջեն», - գրել է Կոտենոկը։ Նա նաև նշել է, որ Հայաստանում հակառուսական հիստերիա է հրահրվում, քանի որ կանխատեսվում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի ներդրում ԵՄ խնդրանքով։ Լրագրողն ընդգծել է, որ Ռուսաստանը ներկայում ներքաշված է լուրջ և արյունալի հակամարտության մեջ, որտեղ վտանգված է նրա գոյությունը, և նա ժամանակ չունի կենտրոնանալու հայկական նկրտումների վրա։ «Ընկեր հայեր, այս տեմպերով Հայաստանը, ցավոք, չի կարող գոյություն ունենալ, և Ռուսաստանը բացարձակապես ոչ մի կապ չունի դրա հետ։ Ցավոք, Ռուսաստանը հիմա ժամանակ չունի Հայաստանի համար, չնայած այդ գիտակցումը մխիթարություն չէ։ Եվ Հայաստանին պարզապես կուլ կտան, ամբողջությամբ կուլ կտան թուրքերը։ Նրանք սովոր են դրան, նրանք անամոթ են դառնում, երբ ռուսական արջը չի խփում նրանց ճանկերին», - զգուշացրել է ռազմական թղթակիցը։
Նա կրկին հիշեցրել է, որ Հայաստանը կարող է պարզապես կլանվել Թուրքիայի կողմից, եթե շարունակի Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու իր ընթացքը։ «Ես կցանկանայի սխալ լինել, բայց հայերին, մեղմ ասած, դժվար ժամանակներ են սպասում։ Բայց, մյուս կողմից՝ կհամարձակվեմ ասել, որ մեր չար ժամանակներում ինքնիշխանության կաստրացիան զուտ կամավոր գործ է», - եզրափակել է Կոտենոկը՝ մեջբերելով Սամոյլով եղբայրների երգը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում