Քիչ առաջ Ազգային ժողովը քվեարկության դրեց մաքսային կարգավորումների մասին նախագիծը, որով կարգավորում է ԵՏՄ անդամակցությունից հետո ՀՀ-ի մաքսային գործունեությունը:
Վարման կարգով հանդես եկավ «Ժառանգության» պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը. «Լինելով դեմ` պարտքս եմ համարում մասնակցել նստաշրջանին, որ այդ միությանն սպասարկող ամբողջ փաթեթին դեմ քվեարկեմ: Ես հարգում եմ ցանկացած ուժի իրավունքը դիմել բոյկոտի, որը լինելով ծայրահեղ քայլ` կարող է սպասարկել այս կամ այն կուսակցության շահերը: Բայց այս պարագայում անիմաստ եմ համարում բոյկոտելը, ու մենք պետք է մեր դիրքորոշումը ցուցաբերենք այս բախտորոշ պայմանագրի վերաբերյալ: Խուսափողականությունն այս դեպքում ինձ համար անընդունելի է»:
Նույն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ հայտարարեց, որ այսօր ԱԺ-ն ևս մեկ անգամ փորձելու է մեր անկախությունը վաճառքի դնել:
«Ես եկել եմ դրան դեմ քվեարկելու, որովհետև արդեն իսկ ՌԴ տնտեսությունը գահավիժում է, և Հայաստանը այդ տնտեսության հետ որևէ անելիք չունի: Այն, ինչ այստեղ արվում է, ոչինչ է՝ անգործությունից բացի: Ես չեմ ուզում վիրավորել, բայց դուք տանում եք ՀՀ-ին դեպի կործանում»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:
«Կարևորը բոյկոտից դուրս եկաք»,-նկատեց ԱԺ նախագահը:
Նախագիծը քվեարկությամբ ընդունվեց, ինչից հետո Զարուհի Փոստանջյանն ասաց. «Հենց նոր դուք քվեարկեցիք մի օրինագծի օգտին, որն ուղղակի ՀՀ քաղաքացիների շահերին դեմ է»: Գալուստ Սահակյանը պահանջեց անջատել պատգամավորի խոսափողը՝ ասելով. «Արդեն պրովակացիա եք անում»:
Փոստանջյանի հայտարարությունը բարկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանին և վեջինս տեղից արձագանքնեց. «Ձենդ կտրի՛, արա»,- արձագանքեց Մովիսիյանը: