Մեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Կարմինյանո շրջանը փոքր գինեգործական տարածք է, որը, չնայած իր փոքր չափսերին, զարգացրել է իր յուրահատուկ գինեգործական մշակույթը և արտադրել ու արտադրում է շատ յուրահատուկ գինիներ: Շրջանը գտնվում է Իտալիայի կենտրոնական Տոսկանայի Պրատո նահանգում՝ Ֆլորենցիայից մոտ 20 կմ դեպի արևմուտք։
Այդ հին երկրամասը, որտեղ դեռ էտրուսկներն էին արտադրում գինի, ձիթապտղի յուղ ու մեղր, մի ժամանակ Մեդիչիների՝ Եվրոպայի ամենահայտնի ընտանիքներից մեկի հայրենիքն էր, ընտանիք, որը նկատելի և բավականին չարագույժ հետք է թողել պատմության մեջ։ Հայտնի է, որ Brillante Carmignano գինին ստեղծվել և հնեցվել է տակառներում հենց Մեդիչիների համար: Այդ վարդագույն գինին հասունացման ընթացքում աստիճանաբար փոխում է իր երանգը նռնագույնի և ստանում է առանձնահատուկ, եթերային բույր՝ համեմունքների և մանուշակի հստակ նոտաներով: Այս գինու արտադրության տեխնոլոգիան այն հին ժամանակներից ի վեր գրեթե անփոփոխ է մնացել: Այն պատրաստվում է հիմնականում Սանջովեզե խաղողից (մոտավորապես 50 %), ինչպես նաև մի քանի այլ տեղական և ներմուծված տեսակներից՝ տոսկանական Սև Կանայոլո, Կանայոլո Բիանկա, Կաբեռնե Ֆրանկ, Մերլո, Սիրա, Կոլորինո, Մամմոլո, Օկիոդի Պերնիս, Կաբեռնե Սովինյոն, Տրեբիանո և Մալվասիա դել Կիանտի, որոնք օգտագործվում են տարբեր համամասնություններով: Այս գինին հիմա էլ մնում է նույնքան ժողովրդական, որքան միջնադարում, և նրանք, ովքեր ցանկանում են փորձել հզոր Մեդիչիների սիրելի ըմպելիքը, անկասկած կարող են իրականացնել իրենց երազանքը։
Կարմինյանո անվանումը գրավոր փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է դեռևս 804 թվականին, թեև ոչ որպես ըմպելիք, այլ որպես համայնք, որտեղ աճեցվում են խաղողի որթեր և ձիթենիներ, և որտեղ արտադրվում են գինի և յուղ վաճառքի համար։ Կարմինյանո գինու մասին առաջին անգամ հիշատակվել է 1396 թվականին։ Ավելին, Տոսկանայի դուքս Կոզիմո III դե Մեդիչիի 18-րդ դարի հրամանագրով սահմանվել են Կիանտիի արտադրական գոտու սահմանները, և հիշատակվել է նաև Կարմինյանո գոտին։ Այդ գոտին էլ հետագայում դարձել է այն առաջին վայրը, որտեղ արտադրվել են համաշխարհային ճանաչում ունեցող սուպերտոսկանական գինիները։
Աստիճանաբար զարգացել է այդ գինու և Կարմինյանոյի այլ տեսակների գինիներ խմելու մշակույթը։ Կարմինյանո DOGC-ն ավանդաբար մատուցվում է սենյակային ջերմաստիճանում խորոված մսի, որսամսի կամ թռչնամսի հետ։ Կարմինյանո ընտանիքը ներառում է նաև Barco Reale di Carmignano DOC և Rosato di Carmignano DOC Vin Ruspo գինիները։
Կարմինյանո գինիները կարելի է գտնել նաև Հայաստանում, սակայն դրանք բավականին հազվադեպ են և սովորաբար ներկայացված են սահմանափակ տեսականիով։ Պետք է կապ հաստատել համապատասխան խանութների կամ ներկրողների հետ, քանի որ որոշ գինիներ կարող են հասանելի լինել միայն պատվերով
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում