ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի համար ակնհայտ է, որ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին հարվածողը մենակ չի գործել: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Նրան հետևել են, նրան ուղեկցել են, քանի որ նրան հարվածողը կես րոպե առաջ է մտել շքամուտք: Հանցագործը հովանավորվում է իշխանությունների կողմից»,-ասաց նա:
Ըստ Ջհանգիրյանի` ԱԺ-ն պետք է կարողանա միասնական հայտարարությամբ հանդես գա:
«ԱԺ-ն արդեն ուշացել է բռնությունների այս շարքին արձագանքելուց, որովհետև մենք չենք արձագանքում ազատամարտիկի, նախկին գնդապետի ծեծին, ով երկար տարիներ ծառայել է ՀՀ ՊՆ համակարգում, իսկ նրանք հասարակության մեջ պետք է լինեն ամենապաշտպնաված ու գուրգուրված խավի ներկայացուցիչները»,-նկատեց նա:
Նա նշեց, որ արտահերթ նիստը պետք է սկսվեր ԱԺ նախագահի դատապարտման ու ցավակցական խոսքով, սակայն այդպես չեղավ, ՀՀԿ-ը չցանկացավ այս հարցը նաև արտահերթ նիստում քննարկել, այդ պատճառով էլ ոչ իշխանականները բոյկոտեցին նիստը:
Ըստ նրա` այդ բռնությունները մի նպատակ ունեն` վախեցնել այս անձանց, հետ պահել իրենց քաղաքական պայքարից: «Հիմա արդյոք վախեցել են, թե ոչ, կարծում եմ` այդ մասին հայտարարել են թե՛ ազատամրտիկները, թե՛ մյուսները: Ես տեղյակ եմ, որ Արամ Մանուկյանը չի վախեցել, երեկ էլ եմ մոտն եղել, վախեցած չէր»,-ասաց Ջհանգիրյանը և հավելեց, որ մինչև հիմա բռնություններով են պահել իշխանությունը, բայց իրենք բռնությամբ իշխանափոխության տարբերակ չեն քննարկել: