«Ես կարծում եմ` դա ցայտնոտային տրամադրություն է, որովհետև ակնհայտ է, որ ընդդիմության վարվելաձևը բոյկոտ չէր, քանի որ Ազգային ժողովում բոյկոտի խնդիր է առաջանում օրենսդրական նախաձեռնությունների առումով: Ես դա համարում եմ փորձ` ձախողելու Ազգային ժողովի աշխատանքը, որն, ինչպես տեսաք, չստացվեց»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀԿ-ը կողմ է ոչ իշխանականների առաջարկին արտահերթ նիստ հրավիրել ու քննարկել դոլարի ու դրամի փոխարժեքի հարցը:
Ըստ Գալուստ Սահակյանի` ցանկացած հարց կարելի է քննարկել, բայց առանց քաղաքական շահարկումների.
«Չեմ կարող այս պահին պատասխանել, քանի որ քաղաքական թիմը պետք է որոշի, բայց գործողություններն անհիմն եմ համարում: Եթե նման խնդիր կա, ցանկացած հանձնաժողով կարող է լսել, կազմակերպել, և եթե դրանից հետո անհրաժեշտություն լինի, կարելի է հանդես գալ օրենսդրության առաջարկությամբ»,-ասաց ԱԺ նախագահը:
Հարցին, թե օրենսդիրը պատրա՞ստ է համաձայնության գալ և Արամ Մանուկյանի ծեծը դատապարտող հայտարարություն անել, Սահակյանն ասաց, որ հարցը քննարկվում է, և եթե ԱԺ մյուս խմբակցությունները կհամաձայնեն` իրենք պատրաստ են.
«Ես կողմնակից եմ հայտարարությանը, բայց կարծում եմ, որ արդեն ժամանակավրեպ է: Մինչև արտահերթ նիստը որևէ ընդդիմադիր պատգամավոր չեկավ, որևէ գործունեություն Ազգային ժողովում չծավալվեց, պարզապես նրանք փորձում են միտինգային տամադրությունները տեղափոխել Ազգային ժողով»,- ասաց նա: