Մոսկվայում էլեկտրոնային ապրանքների գները վերջին շրջանում աճել են մինչև 100 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են խանութների վաճառողները:
Ռուբլու փոխարժեքի կտրուկ անկման ֆոնին ԿԲ-ն հանգուցային տոկոսադրույքը տարեկան 10,5-ից բարձրացրել է մինչև 17 տոկոս: Դեկտեմբերի 16-ին դոլարի փոխարժեքը շարունակել է աճել մինչև 73 ռուբլի, եվրոյինը՝ մինչև 92 ռուբլի: Օրվա առանձին պահերի դրանք հասել են համապատասխանաբար 80,10 և 100,74 ռուբլու:
«Գներն աճել են 70 տոկոսով, և դա միայն վերջին շաբաթվա ընթացքում: Եթե վերջերս ես ֆոտոապարատը վաճառում էի 90 հազար ռուբլով, ապա այժմ այն արժե 200 հազար»,-ասել է Սավելովյան շուկայում ֆոտոտեխնիկայի վաճառողը:
Հեռախոսների գներն աճել են մոտվորապես 40 տոկոսով, իսկ աքսեսուարներինը՝ 30 տոկոսով, ասել է վաճառողուհի Օլգան: «Եվ դա դեռ ապրանքների հին խմբաքանակն է: Երբ նորը գնեմ՝ նոր գներով, անհասկանալի է, թե այդ ամենն ինչքան կարժենա»,- հավելել է նա:
«Գորբուշկա»-ի՝ Մոսկվայի գլխավոր էլեկտրոնային շուկայի խանութներից մեկում հաստատել են գների կտրուկ աճը. միայն դեկտեմբերի 16-ին գնացուցակները թարմացվել են մի քանի անգամ: Առևտրական կետերից մեկի սեփականատերը պատմել է, որ արտադրողներից ոմանք ընդհանրապես դադարեցրել են ապրանքների մատակարարումը: