Ռուսաստանն ուզում է ավելացնել հայաստանյան գյուղմթերքի ներմուծումը
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն այսօր պաշտոնական նամակ է ստացել Ռուսաստանի գյուղնախարարությանից հայկական գյուղմթերքի պահանջարկի աճի վերաբերյալ:
«Որպես երկար տարիների գործընկեր նշում են, որ պահանջարկ է վայելում մեր արտադրանքը Ռուսաստանի Դաշնությունում, հայտնում են իրենց պատրաստակամությունը Ռուսաստանի Դաշնությունում իրացման գործընթացին աջակցելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռուսաստան գյուղմթերի արտահանման ծավալները մեծացնելու նպատակով վերջերս ձևավորված աշխատանքային խմբի ղեկավար, գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին ի պատասխան Ռուսաստանը մի շարք երկրներից արգելեց գյուղմթերքի, մսամթերքի ու կաթնամթերքի ներմուծումը։ Փոխնախարար Մակարյանը նշում է, որ սա է պատճառը, որ հայկական գյուղմթերքի պահանջարկն ավելացել է ռուսական շուկայում, հայկական ապրանքներ ներմուծելու՝ Ռուսաստանի շահագրգռվածությունն է'լ ավելի է մեծացել։
Սա Ռուսաստանի գյուղնախարարության թերևս առաջին պաշտոնական գրությունն է հայկական կողմին ուղղված, որով ռուսաստանյան գերատեսչությունը պատրաստակամություն է հայտնում աջակցելու հայաստանյան գյուղմթերքի իրացմանը ՌԴ-ում:
Մակարյանը նշում է, որ ռուսական անսահմանափակ շուկան իրենք հավակնություն չունեն ամբողջությամբ ծածկել, բայց կարող են հնարավորության սահմաններում այդ երկիր արտահանել թարմ-պտուղ բանջարեղեն, մսամթերք, կանթամթերք, պահածոներ, չրեր եւ այլն։
«Քանի որ հիմա իրենց մոտ գյուղմթերքի որոշակի դեֆիցիտ է առաջանում, ապա այս դեպքում իրենք առավել շահագրգռված են մեր գյուղմթերքը Ռուսաստանի Դաշնության շուկայում տեսնելու համար», - ասաց փոխնախարարը:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անցած շաբաթ «Ազատությանն» ասել էր, թե հույս ունեն այս տարեվերջին կրկնապատկել Ռուսաստան արտահանվող ապրանքների ծավալները։