Պարզվում է, որ Հայաստանում «հրաշքներ» դեռ լինում են, սակայն ոչ թե Ձմեռ պապու կամ Ձյունանուշի, այլ ոչ ավել, ոչ պակաս Սամվել Ալեքսանյանի կողմից:
Արդեն մի քանի օր է, ինչ «Երևան սիթի» խանութների ցանցերում տրամադրվում են վարկեր 50 հազարից մինչև 2 մլն դրամի սահմաններում, 5 տարի ժամկետով, տարեկան 21 տոկոս տոկոսադրույքով։ Առաջին հայացքից գայթակղիչ թվացող այս առաջարկը շատ հաճախորդների է գրավել: Վերոնշյալ սուպերմարկետներում պարզապես ասեղ գցելու տեղ չկա:
Սուպերթանկացումների այս ֆոնին տրամադրվող գումարն ամանորյա ճոխ սեղաններին սովոր հայ ժողովրդի համար բավականին հարմար է:
Փաստորեն ամեն ինչ գեղեցիկ է ու հեքիաթային, բայց… Բայց հետաքրքիր է, թե ինչու՞ է բարերարի պիտակը սեփականաշնորհած պատգամավորն աստղաբաշխական թվերով վաճառվող ապրանքների համար տրամադրում վարկեր, այն էլ տոկոսով: Արդյո՞ք վերոնշյալ առաջարկը բարերարության կամ բարոյականության սահմաններում է, դժվար է ասել, առավել դժվար է պատկերացնել, թե ինչ պայմանագրերի տակ է ստորագրում մի քանի կոպեկի վրա ուրախացող ժողովուրդը, եւ ի՞նչ է լինելու ամենավերջում, երբ ասենք առանց այդ էլ տոկոսի տակ ճռռացող հանրությունը հիմա էլ չկարողանա վճարել «Սիթիի» տոկոսները: Հենց այս հարցադրումներով, Orer.am-ը դիմեց Ս. Ալեքսանյանին, ով սակայն իր խասյաթի համաձայն տվեց կարճ եւ ցրողական պատասխան. «Ես ոչ բանկ ունեմ, ոչ էլ բիզնես, ինձ բան մի հարցրեք»:
«Ալեքսանյական» գործելաոճի վերաբերյալ, Orer.am-ը մեկնաբանություններ ստացավ նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից։ Ինչպես նշեց Կարինե Աճեմյանը. «Ձեզանից եմ լսում «Երեւան սիթիում» կազմակերպված այդ ակցիայի մասին, որին լավ չեմ կարող վերաբերվել, որովհետեւ, եթե արվում է բարեգործություն, ապա պետք է դա իրականացնել օգնության տեսքով: Ընդհանրապես գտնում եմ, որ վարկ վերցնողներ չպետք է լինեն: Պետք է մարդիկ կարողանան այնպես անել, որ փոքր միջոցներով իրենց համար տոն կազմակերպեն: Մեր ժողովուրդը սովորել է այդ ցուցամոլությանը, սակայն պետք է հասկանալ, որ մեր նպատակն ու խնդիրը ճոխ սեղանը չէ․ այդ տոնը մեծ խորհուրդ ունի, այն կապված է մեր հին ավանդույթների հետ եւ վերջապես Հիսուսի ծննդյան տոնն է և լայն սրտով, միմյանց ջերմություն հաղորդելով պետք է դիմավորենք, որպեսզի կարողանանք համախմբված հաղթահարել մեր խնդիրները: Մենք պետք է այնպիսի ելքեր գտնենք, որ կարողանանք քիչ կորուստներով դուրս գալ այս պատմությունից: Ալեքսանյանը գործարար է, եւ նա ձեւ է գտել գումար վաստակելու, բայց այն մարդիկ, որոնք հասկանում են, որ չպետք է վարկ վերցնեն, ուրեմն չպետք է գնան այդ քայլին»:
Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ, թիմակցի գործունեությունը վերագրելով խանութների ցանցին, պարզապես նշեց. «Դա իրենց, իսկ ավելի կոնկրետ «Երեւան սիթիի» բիզնեսի ռազմավարության ձեւն է երեւի, ավելին ասել չեմ կարող»:
Դե ինչ, սպասենք եւ հուսանք, որ «ալեքսանյանական խաղերը» բացառապես բարի պտուղներ կտան, թե չէ ո՞վ գիտի օլիգարխ-պատգամավորի մտքին ինչ կա, չէ՞ որ անվճար պանիր լինում է միայն մկան թակարդում…
Սոսե Չանդոյան