Անցնող տարվա առավել ուշագրավ ներքաղաքական զարգացումների մասին իրենց մոտեցումները այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողներին ներկայացրեցին քսղաքական տեխնոլոգիաների մասնագետներ Արմեն Բադալյանը և Վիգեն Հակոբյանը,- այս մասին հայտնում է Orer.am լրատվական կայքը:
Արմեն Բադալյանի կարծիքով՝ այն փոքր կուսակցությունները, որոնք այսօր միացել են Եռյակին, որպես այդպիսին քաղաքական համակարգում գործոն լինել չեն կարող: Ըստ նրա՝ Հայաստանի ընդդիմադիր դաշտում փաստացի գործում են մի քանի կուսակցություններ՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և ինչ-որ չափով «Ժառանգություն»:
«Որքան էլ ուզում է պնդեն, միևնույնն է, չի ձևավորվել համաժողովրդական շարժում, այլ ընդամենը կար երկու ազդեցիկ հանրահավաք»,- նշում է Բադալյանը:
Քաղտեխնոլոգը 2014-ի կարևոր իրադարձություններից է համարում վարչապետի և Կառավարության փոփոխությունը, բայց նշում, որ դրանով մեր երկրում ոչ մի փոփոխություն չեղավ:
Իհարկե, ասուլիսի բանախոս վերլուծաբանները այս տարվա հետաքրքիր իրադարձություններից առանձնացրեցին նաև ԵՏՄ-ին անդամակցումը: Նրանք այն կարծիքին են, որ ԵՏՄ-ի կազմում Հայաստանը չի կորցնում իր ինքնիշխանությունը, քանի որ այն վաղուց է կորցրել: Իսկ նոր միության հետ կապված եկող տարվա զարգացումների մասին քաղտեխնոլոգները հորդորում են անձամբ Պուտինին հարցնել այդ ամենը, որովհետև մեր քաղաքական դաշտում նման խոշոր հարցեր չեն որոշվում:
Վերլուծաբան Վիգեն Հակոբյանը տեսակետներ հնչեցրեց նաև քաղաքական բռնությունների մասին: Նրա պնդմամբ՝ Արամ Մանուկյանին ծեծելը ավելի ստորին օղակների գործ է, ովքեր նպատակ ունեն քծնել վերին իշխանություններին և ցույց տալ սեփական պիտանելիությունը:
«Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը սմոլնիի ինստիտուտից ա ու նրա թասիբը պիտի պահեն, ինքը կարա «տղավարի» էդ հարցերը լուծի, անգամ Արամ Մանուկյանին հրավիրի նախագահական և էնտեղ պարզի պատճառները»,- հավելել է Վիգեն Հակոբյանը:
Լևոն Փանոսյան