Վերջին օրերին տեղի ունեցող դոլար-դրամ փոխարժեքի կտրուկ տատանումը հանրությանը գցեց իսկական շոկի մեջ: Ծայրը-ծայրին մի կեպ հասցնող, օրվա հացի համար գումար վաստակող հայաստանաբնակները մնացել են շիվարած, խանութներում տիրող թանկացումներն անցել են թույլատրելի բոլոր սահմանները: Եթե, օրինակ՝ տաս օր առաջ մոտ երկու հազար դրամով երկու անձից բաղկացած մեկ ընտանիք կարող էր հազիվ մեկ օր յոլա գնալ, ապա այսօրվա դրությամբ դա այլեւս չիրականացվող ցանկություն է, քանի որ սննդի գները «տվել դամա են հասել»:
Արի ու տես, որ բաց չթողնելով հարմար առիթը, ստեղծված անհասկանալի իրադարձությունների այս ֆոնին որոշ օլիգարխներ ժողովրդի հաշվին որոշեցին «քյաֆ մտնել»: Առանց այդ էլ ստվերներից դուրս չեկող չաղ ու բախտավոր գործարարները հավանաբար որոշել են մի քանի օրվա ընթացքում էլ ավելի լայնացնել իրենց բյուջեն: Սակայն, ինչպես ժողովուրդն է սիրում ասել. «Դա նրանց ընդամենը թվում է…»
Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանց որեւէ հրավերի այցելել է որոշ պատգամավորների տներ, իսկ ավելի կոնկրետ՝ նրանց սուպերմարկետներ, վերահսկելու եւ ինչու ոչ, նաեւ ապրանքների ֆանտաստիկ գներն իրականության հետ համապատասխանեցնելու համար: Նկատենք, որ մինչ վարչապետն իր ներկայությամբ փորձում է ոմանց զգաստացնել եւ սուպերմարկետներում եղանակ փոխել, այդ ընթացքում նրա բացակայությունից են օգտվում ստոմատոլոգիական ապրանքներ եւ գործիքներ վաճառող խանութները: Այս երկու օրերի ընթացքում, Orer.am կայքի խմբագրություն են ահազանգում ոչ միայն բժիշկները, այլ նաեւ այցելուները, որոնք հիմնականում բողոքում են ստոմատոլոգիական կենտրոններում մատուցվող ծառայությունների համար բարձրացված գներից: Պարզվում է, որ «S6» ստոմատոլոգիական կենտրոններին համապատասխան բժշկական դեղամիջոցներ եւ գործիքներ մատակարարող խանութը րոպեների ընթացքում աստղաբաշխական թվերի է հասցրել իր կողմից վաճառվող ապրանքնեը: Խանութի հաճախորդները, որոնք, փաստորեն, սեւերես են դուրս գալիս սեփական այցելուների մոտ՝ «S6»-ի քմահաճույքների պատճառով, ստիպված են բուժում իրականացնել սովորականից բարձր գներով:
Բժիշկ-ստոմատոլոգներից շատերը պնդում են, որ որպես հիմնական մատակարար օգտվում են վերոնշյալ խանութից, հավանաբար դա է պատճառը, որ խանութի սեփականատիրոջ թուրը կտրում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Թե ինչպես է ստացվում, որ մինչ պատվիրատուին հասնելն ապրանքը հասցնում է թանկանալ մի քանի անգամ, Orer.am-ը կպարզի եւ իր ընթերցողներին կներկայացնի հաջորդիվ:
Ներկայումս մնում է հուսալ, որ մոտ ժամանակներս ՀՀ վարչապետը կայցելի նաեւ ստոմատոլոգիական կենտրոններ, իհարկե ոչ առողջական խնդիրներից ելնելով կամ էլ ինչ-որ մեկի ատամները քաշելու նպատակով, այլ պարզապես՝ հետաքրքրության համար: Դե, իսկ մինչ վարչապետը կգործի, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը կարող է ոտքերը տնկել ու հանգստանալ…
Սոսե Չանդոյան