Սիրիական բանակն ամրապնդել է դիրքերը Հալեպի հյուսիսում գտնվող Մազարեհ Ամլալլահի մեջ և վերահսկում է Հալեպ քաղաքը մերձակա գյուղերի հետ կապող Քասթալուին կետը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, կառավարական ուժերը շրջապատել են Հանդարաթի փախստականների ճամբարը, որը համարվում է թուրքական կողմից Հալեպ քաղաքի մուտքի մոտ զինված խմբավորումներին վերջին հենակետը: Բախումներն ընթանում են ճամբարի մերձակայքում: Վկաների խոսքով, թեժ պայքարում սիրիական բանակին հաջողվել է մի քանի հարմար դիրք գրավել հակառակորդին ճնշելու համար:
Հալեպի աղբյուրները վկայում են, որ զինված խմբավորումները հեռանում են արևելյան շրջաններից՝ խուսափելով հայտնվել շրջափակման մեջ: Հալեպից 30 կմ հյուսիս-արևելքում գտնվող Սեյֆատ քաղաքում բանակը «Ջաբհա ան Նուսրա խմբավորման ավելի քան 40 ահաբեկիչների է ոչնչացրել:
Սիրիական բանակը դեկտեմբերի 17-ին գրեթե ամբողջությամբ շրջապատել է արևելյան Հալեպի կեսը, որտեղ հսկողություն են հաստատել ընդդիմադիրները: Դեռ ռազմական գործողություններ չեն սկսվել շրջապատված տարածքներն ազատագրելու համար: Սիրիական ռազմական ուժերը հույս ունեն, որ զինյալները կնախընտրեն համաձայնության գալ:
Հալեպի արդյունաբերական շրջան համարվող Շեյխ Նաջար շրջանում ազատագրվելուց հետո սկսել են աշխատել շուրջ 300 ձեռնարկություններ: Այս մասին հայտնել է Սիրիայի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Ֆարես աշ Շահբին: Նա հուսով է, որ 2015թ.-ին կվերականգնվեն ևս 600 ձեռնարկությունների աշխատանքները:
Հալեպի մարզպետ Մուահհամմադ Մարուան ալ Օլաբին նշել է, որ Սիրիայի կառավարությունը շահագրգռված է Հալեպում արդյունաբերական կարողության վերականգնման աշխատանքներով և օժանդակում է հնարավորության սահմաններում: