Հետաքրքիր է, որ անհիմն թանկացումները չեն շրջանցել նաև տեղական կաթնամթերքին, և սա այն դեպքում, երբ մեր կաթնամթերք արտադրողները տարիներ շարունակ լվանում էին մեր ուղեղները սրտաճմլիկ ու «ռազմահայրենասիրական» գովազդներով, թե իրենց արտադրանքի հումքն իբրև թե տեղական անարատ կաթն է: Եթե հումքը տեղական է, ապա ի՞նչ կապ ունի դոլարի և ռուբլու տատանումների հետ, ինչու՞ են թանկացրել: Ընդ որում, ոչ միայն թանկացրել են, այլ նաև, օրինակ՝ թթվասերի տուփերի քաշն են նվազեցրել՝ էլի բարձրացնելով գինը: Այսինքն՝ կամ անհիմն են թանկացրել, ինչը կրկին խոսում է թալանելու մոլուցքի մասին, կամ էլ այսքան ժամանակ խաբել են ժողովրդին, իսկ իրենց արտադրանքի հումքը իրականում ոչ թե տեղական անարատ կաթն է եղել, այլ դրսից բերված անորակ կաթի փոշին: Եվ կարող է լինել նաև երրորդ տարբերակը, որն իր մեջ ընդգրկում է առաջին երկուսը միասին՝ և՛ անհարկի իրենց կողմից թանկացումը, և՛ հումքն ամբողջովին դրսից բերելն ու այսքան ժամանակ ժողովրդին խաբելը:
Ինչպես կասեր մեր նախկին վարչապետը՝ հնարավոր է:
Մնացած թանկացած սննդամթերքից հետաքրքիր է նաև տեղական հավկիթը: Ձուն ածում են մեր տեղական հավերը, ածում են Հայաստանում, ածելու համար գազալցակայանների գազով չեն լիցքավորվում, իսկ ածելու վրա դժվար թե ազդեն դոլար-ռուբլի հարաբերությունները, քանի որ ածելը բնական պրոցես է: Այո՛, հնարավոր է, որ թռչնաբուծարաններից հավկիթը խանութներ տեղափոխելիս մեքենաների վառելիքի ծախսն էլ ավելացել է, բայց այն չի կարող այնքան ավելացած լինել, որ 75 դրամանոց ձուն դարձնեն 90 դրամ: Այստեղից պարզ հետևություն՝ ձուն նույնպես թանկացնում են խանութներն ու սուպերմարկետները: Ասածիս ապացույցն էլ այն է, որ Երևանում, այնուամենայնիվ, կան փոքրաթիվ խանութներ, որտեղ ձուն չի թանկացել, իսկ դրա բացատրությունը շատ պարզ է. դա գալիս է պարզապես այդ փոքրաթիվ խանութների տերերի բարոյական որակներից և ազնվությունից:
Ուրեմն, եթե կան չթանկացնողներ, դա նշանակում է, որ հնարավոր է չթանկացնելը: Հնարավոր է (ինչպես կասեր Տիգրան Սարգսյանը), բայց, միևնույնն է, թանկացնում են: Ինչու՞ են թանկացնում: Որովհետև հիվանդացել են թալանելու մոլուցքով:
Բայց սա, կարծում եմ, որ անբուժելի հիվանդություններից չէ, այն բուժում ունի, պարզապես վիրահատական միջամտություն է անհրաժեշտ:
Կարեն Վարդանյան