Ես այս իշխանություններին համարում եմ խայտառակություն: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն՝ ամփոփելով 2014 թվականի քաղաքական իրադարձությունները:
«Սրանք բիզնեսմեններ են, ոչ թե ղեկավարներ, ես որևէ լավ բան չեմ տեսել նրանցից, այնպես որ ամեն ինչ համարում եմ խայտառակություն»,- ասաց նա:
Անդրադառնալով Եռյակի գործունեությանը, Տիգրան Կարապետյանը նշեց, որ դեկտեմբերի 10-ի եռյակի նախաձեռնած հանրահավաքին բեմահարթակում չէր, որովհետեւ «տեղին չէր»:
«Ի՞նչ տարբերություն, թե ես որտեղ կլինեմ: Ներքևում ժողովուրդն էր, ես նրանց կողքին էի: Իմ ելույթն այդ օրը տեղին չէր: Լիդերները չէին եկել, հատուկ երթ էր նախատեսված, այն հանրահավաքը չէր, որը պարունակում էր ելույթներ, միայն մի ազատամարտիկ հանպատրաստից ելույթ ունեցավ, որովհետեւ այդ ժամանակ դա էր պետք»,- ասաց Տիգրան Կարապետյանը և հավելեց, որ թեև վերջին շրջանում ԱԺ ոչ իշխանական ուժերին մեղադրում են պասիվության մեջ, սակայն նա միևնույն է, հավատում է նրանց:
«Ինքս հավատում եմ Ծառուկյանին, որովհետեւ երկար ժամանակ է` ձգտում է, ցանկանում է հասնել մի բանի: Չեմ հավատում, որ ինքը դա անում է հենց այնպես, ինքը դա անում է իր անձի համար: Եթե չհավատայի, չէի միանա»,- ավելացրեց նա:
Վերջինիս կարծիքով` ներկայիս իշխանությունն ամեն ինչ անում է, որ մեր երկիրը գնա կործանման:
«Ժողովուրդն էլ իր մեղավորությունն ունի. ակտիվ չէ: Ժողովուրդը պետք է հավատա, պահանջի արդարություն: Մենք անարդար խավարի մեջ ենք ապրում: Եթե մեծ զանգվածով կանգնի ոտքի, իշխանավորները ստիպված են լինելու ընկրկել: Եռյակի նկատմամբ հավատն էլ է կորել: Դրա մեջ էլ կա ժողովրդի մեղավորությունը. պահանջատեր չէ»,- ասաց Տիգրան Կարապետյանը:
Անդրադառնալով ազատամարտիկների նկատմամբ տեղի ունեցող բռնություններին, Տիգրան Կարապետյանն ասաց, որ պաշտոնյաները «բեսպրեդելով» են զբաղված:
«Կապ չունի ազատամարտիկ է, թե` ոչ, երևույթն է տհաճ: Այստեղ հարցն այն է, որ ասում են՝ լավ եմ արել, դե, իրենք ուժային են, բանակ ունեն, սակայն արդյո՞ք կասեն ճիշտ են արել: Նման գործողութուններով արդեն վարկաբեկված իշխանություններն ավելի են վարկաբեկվում, իսկ եթե իշխանությունը չի կարողանում բացահայտել, ուրեմն` մատը խառն է»,- շետեց Տիգրան Կարապետյանը: