Պակիստանում առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում մահապատժի կենթարկեն շուրջ 500 ահաբեկիչների: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարար Չոուդրի Նիսար Ալի Խանին:
«Ներքին գործերի նախարարությունը լիազորել է այդ բանտարկյալների մահապատիժը: Նրանց ներման կոչերը մերժվել են նախագահի կողմից», - ասել է նա:
Դրա հետ մեկտեղ իսլամական հանրապետության ներքին գործերի նախարարը նախազգուշացրել է ահաբեկիչների կողմից հնարավոր պատասխան գործողությունների վերաբերյալ:
«Մենք չպետք է կորցնենք զգոնությունը, եթե ուզում ենք վրեժխնդիր լինել Փեշավարի ահաբեկչական գործողության զոհերի համար: Մենք գտնվում ենք պատերազմի վիճակում և կհաղթենք այդ պատերազմում»,-նշել է Չոուդրի Նիսար Ալի Խանը:
Դեկտեմբերի 17-ին Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը չեղյալ է հայտարարել մահապատժի մորատորիումը, որը երկրում գործում էր 2008 թվականից ի վեր: Այդ որոշումն ընդունվել է դեկտեմբերի 16-ին Փեշավար քաղաքի (Հայբեր Պահթունհվա նահանգ) դպրոցներից մեկի վրա «Թեհրիք-ի-թալիբան Պակիստան» շարժման զինյալների գրոհից հետո: Այդ ահաբեկչական գործողության զոհ դարձավ 148 մարդ, այդ թվում՝ ավելի քան 130 երեխա: