Այսօր «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, թե իր աղբյուրներից հայտնի է դարձել, որ մեկ ամիս առաջ ՀՀ նախագահ Սեժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ և հանդիպման առանցքային թեմաներից մեկը եղել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ըստ թերթի տեղեկությունների` Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին տեղյակ է պահել, որ Սեյրան Օհանյանը, մեծ հավանականությամբ, կդառնա 2018 թվականի նախագահական ընտրություններում իշխանության թեկնածուն, իսկ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Օհանյանն իր համար կարող է ընդունելի թեկնածու լինել, բայց որեւէ հավաստիացում չի տվել, թե սեփական թեկնածությունը չի առաջադրի 2018-ի ընտրություններում:
Լուրը ճշտելու համար Orer.am-ը կապ հաստատեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հետ, ով հետևյալ պարզաբանումը տվեց.
«Լուրը չի համապատասխանում իրականությանը, քանի որ առհասարակ նման հանդիպում չի եղել»:
Նշենք նաև, որ թերթը գրել էր, որ եթե ԲՀԿ-ն եւ Գագիկ Ծառուկյանը պաշտպանեն Քոչարյանին, վերջինս կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Իսկ եթե ԲՀԿ-ն որոշի նախագահական ընտրություններին մասնակցել այլ թեկնածուով, ներառյալ Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանը կպաշտպանի Սեյրան Օհանյանի թեկնածությունը: