Շուկայում հայտնված սատկած խոզի մսի մասին սկանդալը կարծես թե մարեց ու շատ արագ մոռացվեց կամ էլ միգուցե հատուկ են այնպես անում, որ մոռացվի: Գյուղնախարարության արձագանքն այնպիսին էր, որ անկեղծ ասած՝ ավելի լավ է ընդհանրապես չարձագանքեին, իսկ սննդի անվտանգության պետական ծառայությունն էլ այդ մասին արված իր հայտարարությամբ փաստացի մատնեց ինքն իրեն, որ կարող էր հանցավոր համագործակցության մեջ լինել սատկած խոզի միսը մատակարարողի հետ:
Իսկ մատակարարը, ըստ շրջանառվող լուրերի՝ նախկին մականունավոր պատգամավոր, ներկայումս արդեն մականունավոր գործարար Լևոն Սարգսյանն է, ով ավելի շատ հայտնի է որպես Ալրաղացի Լյովիկ: Միգուցե իսկապես այդ շրջանառվող լուրերի մեջ կա ճշմարտություն և այդ պատճառով է, որ ՍԱՊԾ-ի նախաձեռնությամբ ոչնչացվել է շուկայում ոչ պիտանի մսեղիքը` համարելով հարցը փակված:Իսկ մեղավորները՞: Հարուցվե՞լ է արդյոք քրեական գործ, հնչե՞լ են իրավական գնահատականներ, չէ՞ որ կատարվածը փաստացի դիտավորությամբ բազմաթիվ մարդկանց առողջության վնաս պատճառելու փորձ էր՝ հանուն նյութական վնասներ չկրելու: Իսկ այդ սատկած մսից կարող էին օգտվել մեր բազմաթիվ համաքաղաքացիները, մեր ընտանիքների անդամները, և հայտնի չէ, թե ինչ հետևանքներ կունենար դա նրանց առողջության վրա: Թե՞, միգուցե Ալրաղացի Լյովիկն անձեռնմխելի է...
Սակայն իրականում դա այդքան էլ այդպես չէ, քանի որ, եթե հիշենք տարիներ առաջ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին բոլորիս հայտնի տեսանյութը, կտեսնենք, թե ինչպես է մարդկանց առողջությունը վտանգողին և ժամանակին իրեն ԱԺ-ում «լավ զգացողին» նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը լռեցրել, պատժել և «իր տեղը դրել» ընդամենը հայհոյանքների մի շարանի օգնությամբ: Փաստորեն, ամենևին էլ անձեռնմխելի չէ: Առավել ևս, եթե հաստատվի, որ մատակարարողը Լևոն Սարգսյանն էր, ապա օրենքի սահմաններում պատժելն առավել քան հնարավոր է, եթե, իհարկե, ցանկություն լինի:
Կարեն Վարդանյան