Նաիրիտցիները ՀՀ նախագահականի դիմաց համառորեն սպասում են, որ իրենց ընդունեն և իրենց խնդիրներին վերջնական լուծում գտնեն:
Ավելի վաղ Orer.am-ը հայտնել էր, որ «Նաիրիտի» աշխատակիցները գործարանի մոտից երթով շարժվել են դեպի Բաղրամյան 26 և պահանջում եմ մարել իրենց աշխատավարձերի կուտակված պարտքերը:
Այս պահին դեռ նաիրիտցիներին նախագահականից ոչ ոք չի ընդունել: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:
«Դեռ սպասում ենք և դեռ ոչ մի արձագանք չկա: Աշխատակիցների անուններ են ուզել, որպեսզի ներս հրավիրեն, բայց դեռ սպասում ենք: Ենթադրում ենք, որ պետք է հանդիպեն ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ»,-ասաց Անուշ Հարությունյանը:
Նշենք, որ երեկ կառավարությունը պատասխանել է նաիրիտցիների նամակին, որտեղ նշել են, որ նրանք իրենց աշխատավարձերի պարտքերը պետք է պահանջեն սեփականատիրոջից:
«Մեզ ասում են սեփականտիրոջից պահանջենք, մենք էլ հենց սեփականատիրոջից ենք պահանջում, որովհետև սեփականատերերից մեկն էլ հենց կառավարությունն է»,-ասաց Անուշ Հարությունյանը և հավելեց, որ նաիրիտցիները նախագահականի մոտից չեն գնա այնքան ժամանակ, մինչև իրենց խնդրին լուծում չգտնեն: