«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօրվա ասուլիսում նշել է, որ իր համար այս տարի կարևոր էր ղարաբաղյան հարցում ստատուս քվոն պահպանելը,- տեղեկացնում է Orer.am-ը:
Իսագուլյանը միշտ նշում է, որ խնդիրը 1994-ից դե ֆակտո լուծված է, և հետագա բոլոր գործողությունները միտված են դե ֆակտո լուծված հակամարտության դե յուրե վավերացմանը:
Գառնիկ Իսագուլյանը կարևոր է համարում նաև 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը: Նա չի կիսում քաղաքական ընդդիմախոսների այն պնդումները, թե ռուսական «նավը» կործանվում է:
«Իհարկե, մեզ համար լավ կլիներ հավասարություն պահել Ռուսաստանի և Եվրոպայի միջև, բայց կամ-կամ ընտրության պարագայում, հաշվի առնելով նաև մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ԵՏՄ-ի ընտրությունը լավագույնն էր»,- կարծում է բանախոսը:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը տեսակետ է հայտնում, որ Ռուսաստանի հանդեպ արևմտյան երկրների պատժամիջոցները պայմանավորված չեն Ղրիմի հարցով: Ըստ նրա՝ ամեն բան սկսվեց, երբ Ռուսաստանը հայտարարեց, որ արտաքին քաղաքականության մեջ հանդես է գալիս որպես առանձին սուբյեկտ և պաշտպանում է բացառապես իր շահերը:
Գալով ներքաղաքական կյանքին՝ Իսագուլյանը ողջունելի է համարում ոչ իշխանականների միավորումը: Բանախոսի պնդմամբ՝ աննախադեպ էին ոչ միայն հոկտեմբերի 10-ի և 24-ի հանրահավաքները, այլ նաև հետագայում համաժողովրդական շտաբերի ձևավորումը:
Գառնիկ Իսագուլյանը նաև դրական գնահատեց Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած քաղաքական ուժերի խորհրդակցությունը 2015-ի հունվարի 20-ին:
Լևոն Փանոսյան