Մեզ թույլ չտվեցին անցնել խորհրդարան. Կոմկուսի առաջնորդ
PoliticsՀայաստանի կոմկուսի առաջնորդ Տաճատ Սարգսյանն այսօր նույնպես ամփոփեց քաղաքական տարին,- հաղորդում է Orer.am-ը: Պարոն Սարգսյանը կարևոր համարեց այն, որ կուսակցությունն այս տարվա նոյեմբերի 29-ին ունեցել է համագումար, որի ժամանակ քննարկվել են վերջին տարիներին երկրի արտաքին և ներքին քաղաքականության կարևորագույն հարցերը: Կոմունիստական կուսակցության համագումարն արձանագրել է, որ անկախության տարիներին հանրապետությունում ստեղծվել է աննախանձելի վիճակ: Ըստ նրա՝ շուկայական հարաբերությունների ձևավորումն էր պատճառը, որ երկրի արտաքին պարտքը կազմում է 5 մլրդ դոլար, բյուջեի 25 տոկոսը ձևավորվում է վարկերի հաշվին, իսկ ստվերային տնտեսությունը կազմում է 30 տոկոս: Բանախոսն ասաց, որ ԽՍՀՄ տարիներին Հայաստանի արդյունաբերությունը զարգացավ 1048 անգամ: Տաճատ Սարգսյանը խոսեց նաև նախորդ երկու տարիներին անցկացված նախագահական, խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունների մասին: Կոմկուսի ղեկավարը դրանք բնութագրեց չարաբաստիկ: «Մեզ թույլ չտվեցին 2012-ին անցնել խորհրդարան, որովհետև, դուք գիտեք, թե ինչպիսի կեղծիքներով, լցոնումներով և ընտրակաշառքով էին անցկացվում ընտրությունները»,- ավելացնրեց Տաճատ Սարգսյանը: Պարոն Սարգսյանը դրական է տեսնում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը և համարում է, որ լավ հնարավորություն է ստեղծվում զարգացման համար: Իսկ հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից կազմակերպված խորհրդաժողովին, Սարգսյանը նշեց, որ հրավեր չունեն և հրավիրելու դեպքում կորոշեն մասնակցության հարցը:
Լևոն Փանոսյան