Վերջերս, ինչպես գիտենք, Հայ Առաքելական Եկեղեցին սահմանեց ծիսակարգային նոր արարողություն` «Նռնօրհնեք»: Այն, որ նուռը հայ ժողովրդի համար խորհրդանշական է, կասկածից դուրս է: Սակայն նման որոշումը մի շարք հարցադրումներ է առաջադրում: Այն է՝ ազգային համարվող և լրջագույն ճգնաժամի մեջ գտնվող կառույցին արդյո՞ք ներկայումս անհրաժեշտ են ծիսական բարեփոխումներ, և որքանո՞վ «Նռնօրհնեք»-ի նորամուծությունը կարող է նպաստել ճգնաժամի հաղթահարմանը:
Հայ Առաքելական Եկեղեցին այդպես էլ չի հասկանում, որ մենք միջնադարում չենք, իսկ արդի կրոնական կազմակերպությունները թոնդրակեցիները չեն: 21-րդ դարում միջնադարյան կրթություն ստացող, ինչու չէ նաև խավարամիտ հոգևորականները կտրված են իրականությունից և պատկերացում չունեն անգամ 21-րդ դարի մարտահրավերների, նոր հասարակության առանձնահատկությունների վերաբերյալ, այդ իսկ պատճառով որևէ խնդրի չեն կարողանում համապատասխան և իրավաչափ գնահատականներ տալ և ըստ պատշաճի հակադարձել դրանց:
Այլակարծության և լայնախոհության նկատմամբ Եկեղեցու ունեցած անհանդուրժողական մոտեցումները նրան էլ ավելի են հեռացնում հասարակությունից: Մոլեռանդ պահպանողականությունը բացառում է անհրաժեշտ բարենորոգումների և ռեֆորմների իրականացումը, որը և արգելակում է միջնադարյան համակարգի արդիականացման գործընթացը:
Եկեղեցին սերտաճել է իշխանությունների, ինչպես նաև օլիգարխիկ համակարգի հետ: Այն որևէ ձևաչափով չի արձագանքում հասարակության սոցիալական և մի շարք այլ կնճռոտ խնդիրներին, այդ իսկ պատճառով գոյություն ունեցող անջրպետն օր օրի վերածվում է անհաղթահարելի պատնեշի:
Իսկ մեծագույն բացթողումը, թերևս «աղանդներ»-ի դեմ պայքարն է, որը ոչ միայն որևէ օգուտ չի տալիս, այլև ընդհակառակը, հասարակության մեջ կրոնական հողի վրա թշնամանք է սերմանում: Դրա ողբերգական արդյունքները մենք կտեսնենք տարիներ անց:
Շատերը պնդում են, որ այնպիսի արատավոր երևույթ, ինչպիսին կոռուպցիան է, եկեղեցական կառույց է ներթափանցել անկախության կամ առավելագույնը՝ խորհրդային շրջանում: Միանշանակորեն կարելի է պնդել, որ այս տեսակետները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ կաշառակերությունն ուղեկցել է եկեղեցուն նրա պատմության գրեթե ամբողջ ընթացքում: Ժամանակին Խրիմյան Հայրիկը փորձ արեց բարենորոգել եկեղեցական կառույցը՝ առաջարկելով կաթողիկոսի, եպիսկոպոսների, քահանաների ընտրության գործընթացներում մասնակից դարձնել նաև ժողովրդին: Այս չափազանց կարևոր բարեփոխումը, որը դժբախտաբար ձախողվեց, առաջին հերթին արմատախիլ էր անելու կաշառքով կաթողիկոս, եպիսկոպոս ընտրելու արատավոր երույթները, որոնք շարունակվում են մինչ օրս:
Հույս ունենք, որ Գևորգյան ճեմարանում աճում են այնպիսի լուսավոր երիտասարդներ, որոնք հասարակությանը կառաջարկեն ոչ թե որոշակի ծիսակարգային բարեփոխումներ, այլ ձեռնամուխ կլինեն համակարգի արդիականացմանը և մյուս մատնանշած խնդիրների կարգավորմանը: Միայն այսպես հնարավոր կլինի ազգային կառույցը վերադարձնել ժողովրդին և համապատասխանեցնել 21-րդ դարի առանձնահատկություններին:
Կարպիս ՓաշոյանOrer.am, վերլուծաբան