Դերասանուհի և ֆոտոմոդել Պամելա Անդերսոնին առաջարկել են մասնակցել լայն տարածում գտած «սառը ցնցուղ» բարեգործական ակցիային, որի նպատակն է ուշադրություն հրավիրել Լու Գերիգի հիվանդության վրա (Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ)։
Անդերսոնը Twitter-ում պատասխանել է, որ չի կարող միանալ, քանի որ Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ հիվանդության ուսումնասիրությունները կատարվում են կենդանիների վրա, որոնց իրավունքների պաշտպանությամբ նա զբաղվում է 2010 թվականից, գրում է Huffington Post-ը:
Արշավը սկիզբ է առել ԱՄՆ-ում, դրա շրջանակում մարդիկ ջուր են լցնում իրենց վրա՝ իրենց աջակցությունը հայտնելով այս ակցիային և բարձրացնելով այս խնդիրը, տեսանկարահանում իրենց և «մարտահրավեր» նետում՝ ում ցանկանան: Վերջիններս նույնպես պետք է նույնն անեն ու նոր մարդկանց ներգրավեն, իսկ նրանք, ովքեր հրաժարվում են գլխին ջուր լցնել, պետք է գումար նվիրաբերեն համապատասխան հիմնադրամին: Սական շատերն անում են և՛ մեկը, և՛ մյուսը: Ֆլեշմոբին արդեն միացել են բազմաթիվ մարդիկ, ներառյալ՝ հայ պաշտոնյաներ, արվեստագետներ և քաղաքացիներ:
Դերասանուհին նշել է, որ կապիկներին տարբեր քիմիական նյութեր են սրսկում և փորձարկում, որից նրանք տանջվում են, ինչից հետո սպանվում: Նույնն է արվում նաև մկների հետ:
Նա գտնում է, որ ավելի լավ կլինի, որ այս ակցիայի մասնակիցները նաև պայքարեն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ:
Անդերսոնն առաջարկել է ուսումնասիրություններն ու փորձարկումները տեղափոխել ժամանակակից դաշտ՝ օգտագործելով փորձարկումների վիտրո մեթոդը, որը նշանակում է՝ փորձարկում անել կենդանու մարմնից դուրս, ինչպես նաև օգտագործել համակարգչային առաջատար ծրագրեր և վերջապես կամավոր մարդկանց գտնել, որոնք դեմ չեն լինի օգտագործել նոր դեղամիջոցները: