Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ չի անհանգստանում իր թիմի վերջին արդյունքների համար: Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Ռեալը» 1:2 հաշվով պարտվեց «Վալենսիային», իսկ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում 0:2 հաշվով զիջեց «Ատլետիկոյին»:
«Քննադատությունը նորմալ երևույթ է այն թիմի համար, որն այսքան հաղթել է: Պետք է մտածել այն մասին, թե ինչ է կատարվում այժմ. ես լուրջ խնդիրներ չեմ տեսնում: Ես անհանգստացած չեմ, քանի որ շատ լավ գիտեմ իմ ֆուտբոլիստներին, նրանց լրջությունը, պրոֆեսիոնալիզմը: Արձակուրդից հետո մենք դեռ լավագույն հոգեբանական վիճակում չենք»,-Անչելոտիի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
Կարլո Անչելոտին խոսել է նաև «Կրուզեյրոյի» կիսապաշտպան Լուկաս Սիլվայի տրանսֆերը գնելու հավանականության մասին. «Խեդիրան լիովին ապաքինվել է, իսկ Մոդրիչի ապաքինումը լավ է ընթանում. այնպես որ` նոր ֆուտբոլիստների գնելու անհրաժեշտություն չկա»: