Իսպանական որոշ լրատվամիջոցներ գրում են, թե Դորտմունդի «Բորուսսիայում» անհանգստացած են «Յուվենտուսի» կողմից կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հանդեպ հետաքրքրությամբ, և ցանկանում են նրան պահել թիմում։
Թեև Մխիթարյանի՝ «Յուվենտուս» տեղափոխվելու հնարավորությունը բարձր չի գնահատվում, դորտմունդյան ակումբը մտադիր է ավելի լավ պայմաններ առաջարկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին։ «Բորուսսիան» չի ցանկանում կորցնել թիմի ևս մեկ առանցքային խաղացողի, քանի որ վտանգ կա, որ ամռանը կարող է այլ ակումբ տեղափոխվել Մարկո Ռոյսը։
Ակումբում ցանկանում են Մխիթարյանին առաջարկել նոր պայմանագիր՝ ավելի բարձր աշխատավարձով և երկար ժամկետով, ինչպես նաև բարձրացնել նրա հրաժարագինը։
Շրջանառվող լուրերի համաձայն` «Ծեր սինյորան» Մխիթարյանին համարում է այն ֆուտբոլիստներից, ովքեր ամռանը կարող են համալրել իտալական ակումբը, սակայն հայ ֆուտբոլիստը երջանիկ է Դորտմունդում և սիրված է երկրպագուների կողմից։