Եվրոպայի իշխանությունները մերժել են «Je suis Charlie» («Ես Շառլին եմ») արտահայտությունը որպես ապրանքանիշ գրանցելու ավելի քան հարյուր պահանջ, արտահայտություն, որն աշխարհով մեկ հռչակվեց Փարիզում Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրության վրա կատարված հարձակումից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ֆրանսիայի Արդյունաբերական սեփականության ինստիտուտի տվյալների համաձայն՝ ավելի քան 100 դիմում է գրանցվել արտահայտությունը որպես ապրանքանիշ գրանցելու պահանջով, բայց դրանք բոլորը մերժվել են:
Reuters գործակալության տեղեկատվությամբ՝ համանման պահանջ է ստացել նաև Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Նիդեռլանդների տարածքում մտավոր սեփականության համար պատասխանատու համապատասխան մարմինը: Դիմումի հեղինակը մտադրվել էր Բենիլյուքսի երկրներում ապրանքանիշը գրանցել՝ այն հագուստի, խաղալիքների, օճառի, գովազդային հայտարարությունների և նույնիսկ գարեջրի վրա զետեղելու համար:
Սակայն, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նա ինքն էլ հետ է վերցրել այդ հայտը հասարակայնության ճնշման ներքո, որը վրդովվել է նրա գործողություններից: Հեղինակային իրավունքի բնագավառի բրիտանացի փորձագետ Քրիս Մաքլեոդի կարծիքով՝ «Je suis Charlie» արտահայտությունը որպես ապրանքանիշ գրանցելու ցանկացած փորձ դատապարտված է անհաջողության: