Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց առաջիկայում խմբակցության անելիքների մասին՝ նշելով, թե «Ժառանգությունն» աշնան նստաշրջանին մոտ 20 օրենսդրական նախաձեռնություններ կներկայացնի։
Նախաձեռնություններից մեկը «ՀՀ Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին կլինի։ «Նախագծի փաթեթով առաջարկվում է հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը»,-ասաց նա և հիշեցրեց, թե նախագիծը թափառող նախագիծ է եղել բոլոր գումարումների ժամանակ, չնայած որ դրա ընդունման անհրաժեշտությունը կա։
«Իսկապես, ցավոք, ուսման տարեկետումը շահագործվում է որոշ խավի ներկայացուցիչների զավակների համար, և ըստ էության՝ դա միջոց է դառնում, որպեսզի խուսափեն բանակում ծառայելուց։ Կարճ հետաքննություն՝ հիմնականում ասպիրանտուրաներում սովորում են տղամարդիկ, մոտ 80-90%-ը, և պարզվում է՝ նրանցից միայն 5-6 տոկոսն է հետագայում զբաղվում գիտական գործունեությամբ։ Հիմնականում տարկետումը բանակից խուսափելու համար է, և դրանից օգտվում են ունևորների և իշխանավորների զավակները։ Հասկանալի է դառնում, որ սա կոռուպցիոն լուրջ ռիսկի գործոն է, և պետք է օրենքով կարգավորվի։ Բանակցություններ է տարվել քաղաքական ուժերի հետ՝ հիմնական համաձայնություն կա քաղաքական ուժերի կողմից, չի բացառվում, որ լինի միասնական նախաձեռնություն»,-ասաց նա։