Մարիուպոլի մերձակայքում ռազմաճակատի ամբողջ գծով մարտական գործողություններ են ընթանում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է քաղաքի «0629» նորությունների պորտալը:
Ուկրաինացի ուժայինների տեղեկատվությամբ՝ առավել բարդ իրադրություն է ստեղծվել Գրանիտնոյե բնակավայրում: Բացի դրանից, ուկրաինական «Դնեպր-1» գումարտակի ներկայացուցիչը հայտարարել է, որ ուժայինների դիրքերը հրետանիով և «Գրադներով» գնդակոծում են Թելմանի շրջանում և Սարտանա ավանի մերձակայքում:
Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում այս տեղեկատվությունն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանում:
Մինչդեռ «Նորությունների համապետական գործակալություն» պորտալը, վկայակոչելով սոցցանցերում աշխարհազորայինների ամփոփագրերը, հավաստում է Մարիուպոլի մերձակայքում ընթացող մարտերի փաստը: Նաև, ռեսուրսի տվյալներով՝ վերսկսվել են ընդհարումները Դոնեցկի օդանավակայանի շրջանում և Լուգանսկի մերձակայքում: