Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը՝ վկայակոչելով TASS-ին, ռուս-հայկական դաշնակցային ու ռազմավարական գործընկերային հարաբերությունները չեն տուժի Գյումրիի ողբերգության քաղաքականացման փորձերից: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ 2014թ. արդյունքները ամփոփոխ մամլո ասուլիսին:
«Մենք տեսնում ենք այդ իրավիճակի քաղաքականացման փորձեր, որոնք չեն բխում ոչ Հայաստանի, ոչ էլ Ռուսաստանի ղեկավարություններից: Քիչ չեն ցանկացողները՝ օգտագործել այդ ողբերգությունը այն բանի համար, որ ստանան ինչ-որ աշխարհաքաղաքական գերազանցություն»- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
«Դա զզվելի է, դա անթույլատրելի է: Դա չի սազում հպարտ հայ ժողովրդին, որը, ես գիտեմ, երբեք չի գնա նման կարգի սադրանքների: Վստահ եմ, որ ռուս-հայկական հարաբերությունները՝ դաշնակցային ու ռազմավարական գործընկերային, չեն տուժի»,- հավելել է նա:
Նա նաև իր ցավակցություններն է հայտնել՝ կապված Ավետիսյան ընտանիքի մահվան հետ:
«Մենք սգում ենք Հայաստանի հետ ու կանենք ամեն ինչ, որ այդ հանցագործությունը չմնա անպատիժ, իսկ մեղավորն էլ կրի ամենախիստ պատիժը: Մենք կանենք ամեն ինչ, որ նման դեպքեր այսուհետ տեղի չունենան»,- ընդգծել է Լավրովը:
Դրա հետ կապված՝ նա հաստատել է, որ դատական հետաքննությունը կանցկացվի Հայաստանի տարածքում և կլինի համատեղ ու առավելագույնս բաց: