Ռուս կինոռեժիսոր ու հասարակական գործիչ Կարեն Շահնազարովի խոսքով՝ Գյումրիի ողբերգության հետևում կարող է կանգնած լինել ավելին, քան «պարզապես խելագար հանցագործը»: Վերջինս նման կարծիք է հայտնել «Սպուտնիկ-Արմենիային» տված հարցազրույցում:«Անձնապես ես կարծում եմ, որ հարկավոր է հետաքննություն իրականացնել ամենայն մանրամասնությամբ: Այստեղ հարցը անգամ այդ սրիկայի ճակատագրի մեջ չէ, քանի որ այն արդեն ակնհայտ է, այլ պետք է հասկանալ այն դրդապատճառները, քանի որ ամեն դեպքում շատ բան կա այդ հանցագործության մեջ, այնպիսին, որ հարցեր է առաջացնում՝ կանգնա՞ծ չէ արդյոք դրա հետևում ավելի լուրջ մի բան, քան ուղղակի խելագար հանցագործը»,- ասել է կինոմատոգրաֆիստը:
«Վստահ եմ, որ որտեղ էլ որ նա դատապարտվի՝ Հայաստանում և կամ Ռուսաստանում, նրա ճակատագիրը հաստատ տխուր կլինի: Ես անգամ կասկած չունեմ դրա վերաբերյալ, ու այդ առումով Ռուսաստանի իշխանությունների ռեակցիան կլինի բացարձակ ադեկվատ»,- համոզված է Շահնազարովը:
Վերջինս իր ցավակցություններն է հայտնել հայ ժողովրդին սարսափելի հանցագործության առնչությամբ ու ասել, որ «սգում է բոլոր հայերի հետ»:
Վերջինիս խոսքով՝ այդ հանցագործությունը չի կարողանա սեպ խրել բազմադարյա հայ-ռուսական հարաբերությունների մեջ:
«Պետք չէ մոռանալ, որ կան էթնիկ հայեր, որոնք Ռուսաստանի տարածքում կատարել են բավական լուրջ հանցագործություններ` մեծաթիվ զոհերով, սակայն երբեք Ռուսաստանում դա չի ընկալվել որպես այնպիսի մի բան, որ կարող է խախտել մեր ժողովուրդների ընկերությունն ու հոգևոր կապը»,- կարծում է Շահնազարովը: