Աշխատանքային այցով հունվարի 21-ին Գերմանիա մեկնած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին այդ երկրում դիմավորել են բողոքի ակցիայով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, միջազգային իրավապաշտպան «Լրագրողներ առանց սահմանների», Amnesty International, Human Rights Watch կազմակերպությունների և ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման եկած Ալիևին նրա նստավայրի առջև դիմավորել են հակաալիևյան պաստառներով և կոչերով: Նրանք ձեռքներին բռնել են Ադրբեջանում ձերբակալված քաղբանտարկյալների, իրավապաշտպանների և լրագրողների լուսանկարները և նրանց անհապաղ ազատելու պահանջով լոզունգներ:
Նիդեռլանդցի լրագրող Բերտուս Բոումանը BBC-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել է, որ ակցիայի գլխավոր կարգախոսը եղել է «Ալիևը գնա, ժողովրդավարությունը գա» (Aliyev out, democracy in): Ակցիայի մասնակիցները Գերմանիայի կառավարությանը կոչ են արել ճնշում գործադրել Ալիևի վրա մարդու իրավունքների և մամուլի ազատության ապահովման հարցերում:
«Ազադլըգ»-ը գրում է, որ Բեռլինում Ալիևն արժանացել է ոչ միայն բողոքների, այլ նաև կանգնել իր համար դժվար պատասխանելի բազմաթիվ հարցերի առաջ, և աշխատել վիճակից դուրս գալ հարցերին տալով ոչ ազնիվ, իրականությունից հեռու պատասխաններ: